Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արարատ Գրիգորյանն այցելել է մարզի գինեգործարաններ
08.05.2020
Այսօր, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը հերթական ճանաչողական այցով եղան մարզի գինեգործարաններում՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործներին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:
Գործարարների հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության համաձայն մարզպետը գինագործարաններում կատարած շրջայցի ընհթացքում տեղում ծանոթացավ նրանց հուզող հարցերին:
- Աղավնաձորում գտնվող «Մաթևոսյան վայն» ՍՊԸ սեփականատեր Վահրամ Մաթևոսյանը մարզպետին դիմավորեց և ծանոթացրեց արտադրական ողջ շրջափուլի հետ, գործարանում ընթանում էին շշալցման և պիտակավորման աշխատանքները:
Պահեստում գինեգործը մարզպետին ներկայացրեց իր ապրանքատեսականին, որից հետո գործարանի բակում միասին համտեսեցին նռան գինի, որը մեծ հաջողություններ է գրանցել արտասահմանյան շուկաներում: Անցյալ տարի, բացի իրենց այգու բերքից նաև գյուղացիներից մթերել է մոտ 350 տոննա խաղող:
Շրջայցի ընթացքում Վահրամ Մաթևոսյանը բարձրացրեց իրեն հուզող մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ COVID-19 համավարակի պատճառով արտահանման հետ կապված խնդիրները:
- Գետափում գտնվող «Գետափի գինու գործարան» ԲԲԸ սեփականատեր Մանվել Ղազարյանը մարզպետին դիմավորեց գինեգործարանի աշխատակիցների հետ, ովքեր համատեղ ներակայացրեցին գինու արտադրական ողջ շրջափուլը:
Գործարանը ունի արտադրական մեծ հզորություն, անցյալ տարի արտադրության մեջ օգտագործել են իրենց այգու մոտ 400տոննա և գյուղացիներից մթերված մոտ 1000 տոննա բերքը:
Արտադրամասում է մարզում գինու ամենամեծ պահեստը, որտեղ կան թե տակառում պահվող, թե շշալցված և վաճառքին պատրաստ գինիներ: Ընթացքում ուշադրություն հրավիրվեց պահեստի պատերին դեռ 1960-ականներից պահպանված նկարներին և գրառումներին:
Շրջայցից հետո առաջարկեցին համտեսել իրենց արտադրանքը և ներկայացրեցին 2015-2019 թվականների գինիներ, որոնց մեջ կան նաև հայ- ֆրանսիական տեխնոլոգիայով արտադրված գինիներ: Սպառման ծավալների ընդլայնման համար գինին արտահանվում է և պլանավորում են արտահանման ծավալները մեծացնել:
Ընթացքում քննարկվեցին գինգործին անհանգստացնող խնդիրները, մասնավորապես COVID-19 համավարակով պայմանավորված սպառման ծավալների նշանակալի կրճատման վերաբերյալ:
- Եղեգնաձորում գտնվող «Գետնատուն» ՍՊԸ սեփականատեր Աղասի Բաղդասարյանը մարզպետին ներկայացրեց գինեգործարանը՝ սկսելով արտադրական շրջափուլից: Գործարանի արտադրությունը կազմակերպում է ամբողջապես իր կողմից մշակված տեխնոլոգիայով՝ մասամբ բացօթյա հատվածով, ըստ որի խաղողի առաջնային մշակման փուլն ընթանում է դրսում և եղանակային պայմանները սովորաբար չեն խանգարում, քանի որ մթերման սեզոնը ամռանն է:
Արտադրական տեխնիկայի մեծ մասը պատրաստել է իր ձեռքով, ինչի շնորհիվ կարողացել է տնտեսել միջոցներ, որոնք ուղղել է արտադրության ընդլայնմանը:
Գինեգործարանը բավարարում է միջազգային արտադրական մաքրության ստանդարտներին և ունի ISO սերտիֆիկացում:
Այս պահին գինուց բացի արտադրում է նաև խնձորի, ծիրանի ու խաղողի հիմքով կոնյակ և օղի, որոնց տեխնոլոգիան մշակվել է գործարանին պատկանող լաբորատորիայում: Արտադրությունը կազմակերպում է հոսքագծային շրջափուլով և իր ձեռքով պատրաստված տեխնիկայով: Պլանավորում են սկսել դասական շամպայնի արտադրություն, որը դրական թեսթավորում է անցել Շվեյցարիայում: Մեծ սպառման ծավալներ ունի նռան գինին: Անցյալ տարի գինու արտադրության համար օգտագործել է իր այգու բերքը, ինչպես նաև գյուղացիներից մթերել է մոտ 50 տոննա:
Գործարանին կից գործում է համտեսի սրահը, որտեղ ներկայացված է գործարանի ողջ արտադրանքը: Գինեգործը սրահում առաջարկեց համտեսել իրենց արտադրանքը և ներկայացրեց իրենց բաղադրատոմսերի ստեղծման ուրույն մեթոդները:
Շրջայցի ընթացքում Աղասի Բաղդասարյանը մարզպետին ներկայացրեց ոլորտում առկա և իրեն հուզող խնդիրները, ինչպես օրինակ COVID-19 համավարակի պատճառով սպառման ծավալների նվազումը և իհարկե մարզում սպասվելիք բերքի առատությունը, քանի որ դա կարող է առաջացնել մթերման հետ կապված խնդիրներ:
- Եղեգնաձոր - Գետափ ավտոմայրուղու վրա գտնվող «Հին կամուրջ» գինեգործարանի սեփականտեր Արմեն Խալաթյանը գործարանը ներկայացրեց՝ սկսելով բակում առկա փոքրիկ խաղողի այգուց: Ծանոթացրեց արտադրական ողջ շրջափուլի հետ, նրան հաջողվել է տեղայնացնել արտասահմանյան արտադրական մի շարք մեթոդներ, ինչի շնորհիվ իր արտադրանքը վերջին տարիներին Եվրոպական երկրներում կայացած միջազգային մրցույթներոմ բարձր դիրքեր է զբաղեցրել՝ բերելով արծաթե և ոսկե մեդալներ:
Արտադրամասի տարածքում գտնվում է գինու պահեստը՝ բաժանված երկու մասի՝ տակառներով և շշալցված պահպանման համար:
Գործարանին կից կա նաև համտեսի սրահ, որտեղ ընդունում են տուրիստերի և վաճառում են մեծամասամբ մարզի արտադրանքը՝ չրեր, գազավորված և առանց գազ հյութեր, պանիր և այլն: Սրահում գինեգործը հյուրասիրեց իր արտադարնքը և ներկայացրեց իր կողմից կիրառվող մշակման տեխնոլոգիան և մեթոդները:
Ընթացքում Արմեն Խալաթյանը ներկայացրեց իրեն հուզող հարցերը, մասնավորապես առանձնացնելով այս պահին COVID-19 համավարակով պայմանավորված տուրիստների հոսքի բացակայությունը և արտադրանքը փոքր ծավալներով արտահանելու դեպքում առկա օրենսդրական անբարենպաստ պայմանները:
Գինեգործարաններ շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ գործարարներին հուզող խնդիրներին, բարձրացված հարցերից շատերն ընդանուր են և լուծման դեպքում կունենա շղթայական դրական ազդեցություն:
Մարզպետը բոլոր չորս գինեգործների հետ ձեռք բերեց պայմանավորվածություն մոտակա ժամանակահատվածում իրենց պատկանող այգիներ այցելելու՝ բերքի մշակման մեթոդներին և առկա խոչընդոտների ծանոթանալու նպատակով:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային հանդիպումներ կազմակերպելու՝ նշված խնդիրներին համալիր լուծումներ առաջարկելու նպատակով: