Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արարատ Գրիգորյանն այցելել է Արենի համայնքում գտնվող գինեգործարաններ

07.05.2020

 

Այսօր, Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Գեղամ Մարգարյանը այցելեցին մարզի գինեգործարաններ՝ տեղում արտադրական գործընթացներին և գինեգործներին հուզող խնդիրներին ծանոթանալու նպատակով:

Դեռևս ամիսներ առաջ մարզի խոշոր արտադրողների հետ հանդիպման ժամանակ մարզպետը խոստացել էր այցելել արտադրամասեր՝ իրենց կողմից բարձրացված հարցերին տեղում ծանոթանալու և անհատապես առկա խնդիրները քննարկելու: Այս այցելության ընթացքում  մարզպետը եղավ Արենի խոշորացված համայնքում գտնվող «Տրինիդի» ՍՊԸ, «Արենի գինու գործարան» ՓԲԸ, «Հին Արենի» ՓԲԸ, «Արենի վայն» ՍՊԸ գինեգործարաններում:

 «Տրինիդի» ՍՊԸ   սեփականատեր Հովակիմ Սաղաթելյանը մարզպետին ծանոթացրեց գինու արտադրական գործընթացի հետ և ներկայացրեց  իրենց կողմից կիրառվող նորարական մոտեցումները:

Գինեգործն ունի խաղողի մշակման տարբերվող և նորարական մոտեցում, ինչի շնորհիվ կարող է արտադրել միջինից բարձր որակի գինի և գինու շուկայում զբաղեցնել բարձր դիրք, մոտ ժամանակահատվածում  պլանավորում է ընդլայնել արտադրական տարածքը և մեծացնել տարեկան արտադրության քանակը:

Առաջիկա տարներին պլանավորում է սկսել անթափոն արտադրություն, մասնավորապես օգտագործելու են խաղողի կորիզից  յուղ ստանալու նպատակով, որից ակնկալում են բարձրորակ և օրգանիկ օճառ արտադրել:

Մարզպետը գինեգործի հետ այցելեց արտադրամասից ոչ շատ հեռու գտնվող Տրինիդի գործարանին պատկանող խաղողի այգի, որտեղ սեփականատերն աճեցնում է աշխարհին հայտնի 6 տեսակի խաղող և պլանավորում է ավելացնել ևս մեկը: Ըստ նրա կանխատեսումների այս տարի լինելու է առատ բերք և մթերման փուլում հնարավոր է, որ գյուղացիներից ձեռք բերեն ավելի քիչ քանակությամբ խաղող: Այս պահին իր այգին չի բավարարում գործարանի արտադրական պահանջարկն ամբողջությամբ:

Գինեգործարանին կից գործում է համտեսի սրահ, որտեղ ներկայացված է Տրինիդի արտադրական շարքի ողջ ապրանքացանկը: Համտեսի սրահում գինեգործը առաջարկեց փորձել  իր արտադրանքը:

Համտեսի սրահը բավարարում է բոլոր միջազգային ստանդարտներին, առկա է սոմելիեների համար նախատեսված փորձնական նմուշառման բլոկնոտներ, տեղում օգտագործում են հին հայկական  պատմական ժամանակներում գործածված նույնատիպ դեկանտեր, որը հնարավորություն է տալիս բացել հնեցված գինու թնդությունը, հաղորդել էլ ավելի հաճելի  բույր և նախապատրաստել համտեսի համար:

Շրջայցի ընթացքում գինեգործը ներկայացրեց իրեն հուզող խնդիրները, գործարարին անհանագստացնում է այս տարի առատ խաղողի բերքի առկայությունը, քանի որ դա կարող է առաջացնել մթերման հետ կապված խնդիրներ և գուցե լինի ավելցուկ:

«Արենի գինու գործարան» ՓԲԸ –ի սեփականատեր Ռաֆիկ Սիմոնյանը մարզպետին դիմավորեց արտադրամասում, որտեղ ծանոթացրեց արտադրական շրջափուլի հետ:

Գործարանն այս տարի կմթերի խաղող, սակայն մեծամասամբ արտադրական պահանջարկը կբավարվի սեփականատիրոջը  պատկանող խաղողի այգիներից, որոնք գտնվում են արտադրական տարծքից մի քանի կմ հեռավորության վրա:

Մարզպետը գինեգործի հետ այցելեց գործարանին պատկանող խաղողի այգիներ: Այգիներում խաղողի մշակման գինեգործի անհատական մոտեցումները թույլ են տալիս ապահովել բերքի հնարավորինս բարձր որակ:

Ընթացքում քննարկվեցին գործարարին հուզող խնդիրները, մասնավորապես այս տարվա խաղողի մթերման նախատեսված քանակության մասին:

Գործարարին այս պահին անհանգստացնում է COVID-19 համավարակով պայմանավորված տուրիստական հոսքի բացակայությունը և հետևաբար սպասվելիք սեզոնային շահույթի զգալի կրճատումը, արդյունքում անհնար է մոտակա ժամանակահատվածում բիզնեսն ընդլայնելու նպատակով ներդրումներ կատարել, ինչն իրենք նախատեսում էին դեռևս անցյալ տարվանից, այս պահին առկա շահույթը բավարարում է միայն ինքնածախսածակման համար:

 «Հին Արենի» ՓԲԸ սեփականատեր Վարդան Մկրտչյանը  մարզպետին ներկայացրեց միայն արտադրամասը և գործարանին պատկանող այգիները, քանի որ այս պահին սպասարկման և համտեսի սրահները փակ են: Գինեգործն օգտագործում է արտադրական հոսքագիծ՝ շշալցման և փաթեթավորման համար, դա իրեն թույլ է տալիս խնայել ժամանակ և միջոցներ:

Արտադրամասի հզորությունը թույլ է տալիս բերքի մթերումն իրականացնել լիարժեք: Այս տարի պատրաստվում են մթերել խաղող, սակայն ավելի քիչ քանակության քան նախորդ տարիներին, քանի որ սպասվում է առատ բերք և արտադրական պահանջարկը մեծամասամբ կբարարեն գինեգործարանին պատկանող այգիների բերքից:

 Գործարանին պատկանող տարածքում գինեգործը  մարզպետին ներկայացրեց մասամբ  կաթիլային համակարգով ոռոգվող խաղողի այգին: Այս պահին այգում ընթանում են  մշակման աշխատանքներ՝ բերքի բարձր որակ ապահովելու համար:

Շրջայցի ընթացքում գինեգործը մարզպետի հետ քննարկեց իրեն հուզող խնդիրները և այս տարի բնականոն  մթերման և հետագա աշխատանքների անխափան ընթացքն ապահովելու նպատակով անհրաժեշտ քայլերը:

 

«Արենի վայն» ՍՊԸ սեփականտեր Միքայել Գրիգորյանը մարզպետին ներկայացրեց գինեգործարանի  արտադրամասը և ծանոթացրեց արտադրական շրջափուլի հետ, որից հետո համտեսի սրահում միասին համտեսեցին գինեգործարանի արտադրանքը:

Գինեգործն այս պահին ունի արտադրամասի ընդլայնման խնդիր և պլանավորում է հիմնել նոր խաղողի այգիներ, որոնք լիարժեք կբարարեն իր արտադրական պահանջարկը: Այս տարի մթերելու է խաղող , քանի որ իր այգու խաղողը բավարար չէ գինու ամբողջական արտադրությունը կազմակերպելու համար: Խաղողի այգիներում այս պահին ընթանում են մշակման աշխատանքներ և նախապատրաստվում են բչատման փուլին:

Հայաստանում  միակն է, որ արտադրում է շշալված Գլինտվեյն՝ մեկլիտրանոց ապակե տարրաներում: Գլիտվեյնի պատրաստման մեջ ունի իր սեփական բաղադրատոմսը, իսկ գինի համտեսողներին առաջարկում է պանրի փոխարեն լավաշ, համարելով այն համարժեք փոխարինիչ:

Գինեգործարաններ շրջայցի ընթացքում մարզպետը ծանոթացավ գործարարներին հուզող խնդիրներին, դրանցից որոշներն ընդհանուր են և պահանջում են համալիր լուծումներ, ինչպես օրինակ սպասվելիք առատ բերքի մթերումը, COVID-19 համավարակի պատճառով տուրիստների հոսքի բացակայությունը և արտադրանքի սպառման զգալի կրճատումը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա աշխատանքային հանդիպումներ և քննարկումներ կազմակերպելու՝ նշված խնդիրներին համակարգային լուծումներ առաջարկելու նպատակով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-02 17:25:10