Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը շնորհավորել է ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության աշխատակիցներին և պատվոգրերով պարգևատրել ծառայության ընթացքում աչքի ընկած խումբ աշխատակիցների
16.04.2020
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ, գնդապետ Կոլյա Միքայելյանի և ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Հակոբ Սարգսյանի հետ Ոստիկանության օրվա առիթով այցելեցին ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչություն:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ողջունեց ոստիկաններին մասնագիտական տոնի կապակցությամբ, իր խոսքում կարևորելով ոստիկանության դերը մարզի բնակչության անվտանգությունը պաշտպանելու, հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունն ապահովելու և հանցագործությունները հայտնաբերելու գործում:
Մարզպետը շեշտադրեց կորոնավիուսի պատճառով ստեղծված իրավիճակում՝ արտակարգ դրության ընթացքում, մարզային իշխանության, ԱԱԾ, ԱԻՆ մարզային ծառայությունների և ոստիկանության համակարգված աշխատանքը: Արարատ Գրիգորյանը նշեց, որ բարձր է գնահատում ոստիկանության բոլոր աշխատակիցների ծառայությունը և ծառայության ընթացքում առավել բարեխղճությամբ աչքի ընկած մի խումբ ոստիկանների պարգևատրեց պատվոգրերով:
ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Գևորգ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանին այցելության և իրենց գործունեությունը բարձր գնահատելու համար և տեղեկացրեց, որ վարչության երկու աշխատակիցներ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի կողմից պարգևատրվել են <Գերազանց ծառայության համար> կրծքանշանով՝ պարգևները հանձնելով ծառայակիցներին:
Արարատ Գրիգորյանը շնորհավորելով պարգևատրվածներին, նշեց, որ նրանց գնահատված աշխատանքը մարզային ոստիկանության ղեկավարության պատշաճ ու գերլարված աշխատանքի արդյունքն է: