Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Վայոց Ձորի թեմի և <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի կողմից ստեղծած բժշկական դիմակներ պատրաստող արտադրամաս
30.03.2020
Օրերս ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն այցելել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց Ձորի թեմի և <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի կողմից ստեղծած բժշկական դիմակներ պատրաստող կարի արտադրամաս:
Մարզպետին ուղեկցել են նրա խորհրդական Արմեն Դավթյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը և Վայոց Ձորի թեմի Առաջնորդ, Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը շրջել են արտադրամասում, ծանոթացել աշխատանքային պայմաններին:
Արտադրամասում մարզպետին տեղեկացրել են, որ Վայոց ձորի թեմի և <Սյունիք-Զարգացում> ՀԿ-ի աշխատանքային խումբը կորոնավիրուսի հավանական տարածման դեմ պայքարի Վայոց ձորի մարզում իրականացվող աշխատանքներում թիրախային օժանդակություն ցուցաբերելու նպատակով <Գիտելիք> համալսարանի շենքի տարածքում բժշկական դիմակների արտադրամաս են ստեղծել: Նախաձեռնող խումբը կարի մեքենաներ, մինչև մոտ 50,000 դիմակ պատրաստելու համար անհրաժեշտ հումք է ձեռք բերել: Իսկ արտադրության կազմակերպման համար առանձնացվել և կահավորվել է ուլտրամանուշակագույն ճառագայթներով վերջնական արտադրանքի ամբողջական ախտահանման (ստերիլիզացման) սենյակ։ Ներկայացվեց նաև, որ առաջնահերթության կարգով դիմակներով կապահովվեն նախ Եղեգնաձորի և Վայքի հիվանդանոցները, առողջական խնդիրներ ունեցող և բժիշկների խորհրդով ինքնամեկուսացված սոցիալապես անապահով անձինք, ապա այլ կառույցների ու կազմակերպությունների աշխատոողներ և ծառայողներ։
Մարզպետ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց Վայոց ձորի թեմի Առաջնորդին, կորոնավիրուսի հավանական տարածումը կանխելու գործում նման կարևոր ձեռնարկի համար:
Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանն ի պատասխան նշեց. <Ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելք գտնելու համար կարևոր է՝ անձնական պատասխանատվության բարձր գիտակցությունն ու միմյանց հանդեպ հոգատարությունը, պատկան մարմինների՝ իրավիճակից բխող հրահանգների ու հրամանների կատարումը>: