Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային քննարկում- հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ
24.02.2020
Փետրվարի 20-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային քննարկում- հանդիպում ունեցավ ՀՀ Վայոց ձորի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը և իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը:
Մարզպետի գլխավորությամբ քննարկվեցին ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության կողմից ուղարկված միջնորդագրերը: Քննարկումը նպատակ ուներ մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեներին հորդորելու՝ իրենց պաշտոնական լիազորություններն իրականացնելիս առաջնորդվել հանրակրթության նպատակներով և սկզբունքներով:
Քննարկվեցին մի շարք իրավական գործընթացներում տնօրենների գործառույթներին վերաբերող հարցեր: Իրավաբանական բաժնի պետ Նարինե Մաղաքյանը ներկայացրեց այն հարցերը, որոնք պետք է հաշվի առնել հետագա խնդիրներից խուսափելու համար:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանը ներկայացրեց դպրոցներում տաք սննդի կազմակերպման գործընթացին վերաբերող ծրագրերը: Քննարկվեց այդ ծրագրին առնչվող խնդիրները, որոնք կարող են առաջանալ դպրոցներում:
Քննարկվեց նաև ՀՀ Վայոց ձորի մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ՀՀ Կառավարության և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային կազմակերպության համագործակցությամբ իրականացվող <<Կայուն դպրոցական սնունդ >> ծրագրի շրջանակներում (ՀՀ Կառավարության 2013թ օգոստոսի 22 ի թիվ 33 արձանագրային որոշում) դպրոցներում իրականացվող աշխատանքների, ինչպես նաև սովորողների առողջ, բազամազան և հավասարակշռված սննդի մատակարարման արդյունավետությանն ուղղված հարցեր: Այս պահի դրությամբ ՀՀ Վայոց ձորի մարզի մարզային ենթակայությամբ գործող 14 դպրոցների 1-ից 4 րդ դասարաններում տրվում է տաք սնունդ, իսկ մնացած 31 դպրոցներում տրվում է չոր սնունդ: Նախատեսվում է մարզային ենթակայության բոլոր հանրակրթական հաստատություններում հնարավորինս մոտ ժամանակահատվածում սննդի մատակարարման ձևը փոխել՝ ամբողջապես մատակարարելով տաք սնունդ:
Մարզպետի հետ քննարկվեցին դպրոցներում առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները: Հիմնականներից էր մանկավարժների և դպրոցականների տեղափոխման տրանսպորային ծախսերի փոխհատուցման խնդիրը, որի լուծումը շուտով պետք է տրվի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հրավիրած հաջորդիվ նիստում: