Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ու ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի ներկայացուցիչներն ամենօրյա իրազեկումներ են իրականացնում սպանդանոցների կառուցման վերաբերյալ
12.02.2020
ՀՀ կառավարության փետրվարի 6-ի նիստի ժամանակ հաստատվեց սպանդանոցների կառուցման համար տրամադրվող պետական աջակցության վերաբերյալ որոշումը:
Մասնավորապես որոշվեց, որ այդ բնագավառում գործող կազմակերպությունները կարող են մինչեւ 8 տարի ժամկետով 11 տոկոս տոկոսադրույքով ֆինանսավորվելու դեպքում 7 տոկոսով սուբսիդավորվել կառավարության կողմից հատկացվող աջակցության միջոցներից և իրականացնել 3 տիպի գործունեություն.
1.շարժական սպանդանոցների ֆինանսավորում,
2. միս տեղափոխող մեքենաների համար ֆինանսավորում,
3. մոդուլային սպանդանոցների կառուցման ֆինանսավորում:
Ինչպես մինչ այս որոշումը, այնպես էլ որոշումից հետո ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կառույցի մասնագետները և Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցիչներն ամենօրյա կապի մեջ են ֆերմերների, մսավաճառների և սպանդանոցներ կառուցելու ցանկություն հայտնած քաղաքացիների հետ: Պարբերական բնույթ են կրում նաև հանդիպումները համայնքներում:
2020 թվականի փետրվարի 1-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացի վերաբերյալ հանդիպում-քննարկում: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի պետը, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարության և մոնիթորինգի վարչության Վայոց ձորի մարզային բաժնի պետը, մարզի միս արտադրող ֆերմերները, մսի վաճառքով զբաղվող տնտեսվարողները:
Մարզպետարան դիմած յուրաքանչյուր քաղաքացու, ով ցանկանում է սպանդանոց կառուցել, տրամադրվում է մանրամասն տեղեկատվություն և խորհրդատվություն:
Հավանական հինգ ներդրողների հետ նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել սպանդանոցների կառուցման վերաբերյալ:
Փետրվարի 10- ին Արենիի համայնքապետարանում համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի ղեկավար Գեղամ Մարգարյանի և ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի պետ Հովիկ Ավագյանի հետ։
Վերջիններս ներկայացրեցին սպանդանոցային մորթի առավելությունները, սպանդանոցների կառուցմանը ուղղված պետական աջակցության ծրագրերի պայմանները, պատասխանեցին ներկաներին մտահոգող հարցերին։