Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզպետարանում կայացավ GITC Vayots Dzor ՏՏ կենտրոնի ուսանողների ավարտական աշխատանքների ամփոփումը

26.01.2020

Հունվարի 25-ին Վայոց ձորի մարզպետարանում կայացավ GITC Vayots Dzor Տեղեկատվական Տեխնոլոգիաների կենտրոնի ուսանողների ավարտական աշխատանքների ամփոփումը և շրջանավարտների ավարտական վկայականների հանձնումը: GITC Կենտրոնը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի լավագույնս հաջողված ծրագրերից մեկն է:
Միջոցառման մասնակիցներին բացման խոսքով ողջունեց GITC գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը, հատուկ առանձնացնելով մարզերում ՏՏ ոլորտի կայացման գործում նման ծրագրերի տարածումը: Նա հատուկ կարևորեց մարզերում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում բարի կամքի դեսպան կարգված Մարիամ Փաշինյանի մասնակցությունը և բոլոր աշխատանքներում ակտիվ ներգրավվածությունը:
Միջոցառման առաջին հատվածում ողջույնի խոսքով ելույթ ունեցավ նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը՝ շնորհավորելով շրջանավարտներին և կարևորելով նրանց դերը մարզում ՏՏ ոլորտի զարգացման գործընթացում: Մարզպետը սիրով ողջունեց բոլոր ներկաներին ու հյուրերին և հույս հայտնեց՝ նրանց կրկին մարզում հյուընկալելու:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց նաև Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը՝ նշելով, որ հատուկ մարզերի համար հիմնադրամը շուտով իրականացնելու է դրամաշնորհային նոր ծրագիր և հրավիրեց բոլոր ուսանողներին մասնակցելու այդ ծրագրերին:
Ներկաներին սիրով ողջունեց նաև Դիջիթեյն ընկերության Բաց ինովացիաների և Մարքեթինգ հաբի մենեջեր Մարիամ Փաշինյանը, ով ևս առանձնացրեց մարզերում ոլորտի զարգացման տենդենցների ակտիվությունը, հատկապես կարևորելով այս գործում երիտասարդների  ներգրավվածությունը:
Միջոցառման 2-րդ հատվածում շրջանավարտները ներկայացրեցին իրենց 8 ամիսների ընթացքում սովորած և պրակտիկ աշխատանքի վերածած գիտելիքները և ծրագրերը: Շրջանավարտների ելույթներից հետո Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը շրջանավարտներին առաջարկեց մասնակցել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից մարզերի ՏՏ ոլորտի ներկայացուցիչների համար հայտարարվելիք դրամաշնորհին:
Միջոցառման վերջին հատվածում շրջանավարտներին հանձնեցին ավարտական վկայականներ, որից հետո մարզպետ Արարատ Գրիգորյանը  շնորհակալագիր հանձնեց Ամալյա Եղոյանին,  Վայոց ձորի մարզում Տեղեկատվական Տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործընթացում ունեցած մեծ ներդրման համար:
GITC կենտրոնը շնորհակալագրեր հանձնեց բոլոր գործընկեր կողմերին, այդ թվում՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին՝ համատեղ աշխատանքներում դրսևորած մեծ պատրաստակամության համար: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 09:21:45