Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը

18.01.2020

 ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն / Ministry of Territorial Administration and Infrastructure of Armenia
Հունվարի 18, ժամը 12:34ին: ·
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում հունվարի 17-ին տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ 2020թ. առաջին խորհրդակցությունը, որը վարել է նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարը շնորհավորել է գործընկերներին նոր աշխատանքային տարվա մեկնարկի կապացությամբ՝ հույս հայտնելով, որ 2020թ. մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային ծրագրերը կլինեն առավել արդյունավետ և չեն զիջի նախորդ տարվա ցուցանիշներին:
Խորհրդակցության մեկնարկին ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների մասնակցությամբ անդրադարձ է եղել հունվարի 28-ին բանակի օրվա կապակցությամբ նախատեսվող միջոցառումների իրականացմանը և դրանցում տարածքային կառավարման մարմինների պատշաճ ներկայացվածության ապահովմանը:
Անցնելով օրակարգային հարցերին՝ մարզպետների խորհրդակցությանը քննարկվել են ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ մարզերում բազմաբնակարան շենքերի էներգախնայողության և ջերմաարդյունավետության բարձրացման հնարավորությունները:
ՄԱԶԾ ներկայացուցիչների խոսքերով «Շենքերի էներգարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագիրը նախատեսում է մարզերում և մայրաքաղաքում բազմաբնակարան շենքերի վերանորոգման աշխատանքներ, որոնք ենթադրում են շենքերի արտաքին պատերի ամբողջական ջերմամեկուսացում, ընդհանուր տարածքում պատուհանների փոխարինում, լուսավորության համակարգի ներդրում, արևային էներգիայի վահանակների տեղադրում: Նախատեսվող քայլերի իրականացումը հնարավորություն կտա բնակիչներին 50-60%-ով կրճատել գազի և էլեկտրականության համար նախատեսված ծախսերը:
Խոսելով ներկայացված ծրագրի ուղղությամբ համագործակցության հեռանկարների մասին՝ նախարար Սուրեն Պապիկյաը նկատել է, որ այն մարզաբնակ քաղաքացիների համար կլուծի էներգախնայողության, էներգետիկ ծախսերի իջեցման խնդիրներ և արդիականացված արտաքին տեսքի շնորհիվ կբարձրացնի համայնքների զբոսաշրջային գրավչությունն ու բնակչության կենսամակարդակը:
Մարզպետների և ՄԱԶԾ ներկայացուցիչների միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել էներգաարդյունավետության ծրագրի իրականացման ուղղությամբ հետագա համագործակցության և աշխատանքային ձևաչափով հարցերի քննարկման շուրջ։ Նախարարը հորդորել է նկատի առնել նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով համագործակցությունը կյանքի կոչելու տարբերակները:
Խորհրդակցության օրակարգում ընդգրկված հաջորդ կետերը վերաբերել են համայնքների եկամուտների հավաքագրման 2019թ. արդյունքների ամփոփմանը, մարզերում աղբահանության իրականացման ցուցանիշների բարելավմանը, մանկապարտեզների կառուցմանը:
Նշվել է, որ մարզերի սեփական եկամուտների փաստացի տարեկան հավաքագրումն 2019թ. կազմել է 23,6 մլրդ դրամ, որը 2018թ-ի տարեկան նույն ցուցանիշների համեմատ աճել է 14.7 %-ով կամ 3 մլրդ դրամով :
Անդրադառնալով Հայաստանում աղբահանության ոլորտում առկա մտահոգիչ իրավիճակին` նախարար Սուրեն Պապիկյանը ներկաների ուշադրությունն է հրավիրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում աղբահանության ռազմավարության քննարկման ընթացքում հնչեցված հանձնարարականների կատարման վրա: Ելնելով ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման անհրաժեշտությունից` նախարարը հանձնարարել է ձեռնարկել անհրաժեշտ քայլեր մարզերում աղբահանությունը առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:
«Սա մեզ համար լուրջ մարտահրավեր է: Այն մարզպետերի ու համայնքապետերի գործունեության ցուցիչներից մեկն է: Ուստի մենք համատեղ թիմային աշխատանքով պետք է ապահովենք մեր համայնքների, ինչպես նաև մայրուղիների ճամփեզրերի մաքրությունը»,- ընդգծել է Սուրեն Պապիկյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև աշխատանքային այլ հարցեր, տրվել համապատասխան հանձնարարականներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40