Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ մարզային առողջապահական կազմակերպությունների աշխատանքներին առնչվող հարցերի վերաբերյալ քննարկում-խորհրդակցություն
17.01.2020
Հունվարի 16-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, ուր քննարկվեցին մարզային ենթակայության առողջապահական կազմակերպությունների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցում էին մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Վասիլ Ասլանյանը, նույն վարչության պետի տեղակալ Լիլիա Կարապետյանը, ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Շահեն Վարդանյանը և մարզային առողջապահական կազմակերպությունների տնօրենները:
Մարզպետը ողջունեց խորհրդակցության մասնակիցներին և ներկայացրեց քննարկվելիք հարցերը:
Առողջապահական կազմակերպությունների տնօրենները հակիրճ տեղեկություն ներկայացրին իրենց ղեկավարած կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների և ֆինանսական գործունեության մասին: Բուժհաստատությունների տնօրենները հավաստեցին, որ ձեռնարկում են ամեն քայլ, եղած հնարավորություններով առավել որակյալ բուժսպասարկում ապահովելու նպատակով:
Ըստ ներկայացված տվյալների մարզում վճարովի ծառայությունների հավաքագրումը 2019 թվականին 2018-ի համեմատ ավելացել է շուրջ 18.9 մլն դրամով:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը հանձնարարեց տնօրեններին՝ հետևողականորեն բարելավել բնակչության բուժսպասատկման որակը և ուշադրության կենտրոնում պահել կազմակերպությունների ֆինանսական գործունեությունը:
Արարատ Գրիգորյանը մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության պետի պաշտոնակատարին հանձնարարեց, կազմել մարզային բուժհաստատություններ այցելությունների ժամանակացույցը, որպեսզի այցերի շրջանակներում հանդիպի բուժաշխատողներին, տեղում ծանոթանա աշխատանքային պայմաներին և հաստատություներում տիրող իրավիճակին:
Խորհրդակցության ամփոփիչ խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանն աշխատանքային հաջողություններ մաղթեց բուժհաստատությունների տնօրեններին և ողջ անձնակազմերին, ի նպաստ մարզի ազգաբնակչության առողջության պահպանման և վերականգման: