Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի մոտ կայացավ 2020 թվականի առաջին աշխատանքային խորհրդակցությունը
14.01.2020
Հունվարի 13-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցում էին մարզպետի խորհրդականները, մարզպետի օգնականը, մարզպետարանի գլխավոր քարտուղարը և ստորաբաժանումների ղեկավարները:
Խորհրդակցությունը նվիրված էր մարզպետարանի ստորաբաժանումների և ողջ անձնակազմի 2019 թվականի գործունեության և անցած տարվա ընթացքում կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփմանը, ինչպես նաև 2020 թվականի ծրագրերին:
Մարզպետարանի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին ստորաբաժանմանը վերապահված գործառույթների շրջանակում 2019 թվականի ընթացքում կատարած աշխատանքները և 2020-ի ծրագրերը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանն առանձին-առանձին անդրադարձավ յուրաքանչյուր ստորաբաժանման հաշվետվությանը, արտահայտեց իր նկատառումները և պահանջեց հաշվետվությունները ներկայացնել անհրաժեշտ խմբագրումներով:
Մարզպետը հանձնարարեց 2019 թ. նոր հաշվետվություններում ներառել իր կողմից հնչեցրած հարցերին վերաբերող փաստական և մանրամասն տվյալներ, իսկ 2020 թվականի ծրագրերում ներկայացնել առկա խնդիրների լուծման տարբերակները:
Արարատ Գրիգորյանը նշեց, որ անհրաժեշտ է, որպեսզի մարզպետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք 2020 թվականի իրենց գործունեության և սպասվելիք աշխատանքների համար նոր՝ ավելի բարձր, նշաձող սահմանեն՝ գալիք տարեվերջին առավել տեսանելի արդյունքների ապահովման նպատակով:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը խորհրդակցության մասնակիցներին և մարզպետարանի ողջ անձնակազմին մաղթեց արդյունավետ աշխատանքային տարի: