Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
<<Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում>> ծրագրի շրջանակում համաժողով Վայոց ձորի մարզում
16.12.2019
Ս./թ. դեկտեմբերի 12-ին Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի <Ջերմուկ Հոթել> հյուրանոցում կայացել է <Խոշոր եղջերավոր կենդանիների արհեստական սերմնավորման դերի բարձրացումը ֆերմերների շրջանակներում> թեմայով համաժողով, որին մասնակցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության մասնագետը, Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ֆերմերներ, անասնաբույժներ և արհեստական սերմնավորող տեխնիկներ:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՌԶԳ ՀԿ-ի Սիսիանի մասնաճյուղի ղեկավար Վաղարշակ Մկրտումյանը: Արհեստական սերմնավորման դերի և նշանակության մասին թեման ներկայացրել են ՌԶԳ ՀԿ-ի անասնաբուժության և անասնաբուծության գծով մասնագետ Արեգ Սարուխանյանը, արհեստական սերմնավորում իրականացնող տեխնիկները, ինչպես նաև ծառայությունից օգտվող ֆերմերները
Միջոցառման նպատակն էր՝ իրազեկել ֆերմերներին կենդանիների արհեստական սերմնավորման դերի ու նշանակության վերաբերյալ՝ խթանելով դրա կիրառումը, ինչը կնպաստի կենդանիների մթերատվության բարձրացմանը և ֆերմերների եկամուտների աճին:
Միջոցառումն ամփոփվեց կենդանիների արհեստական սերմնավորումից ծնված հորթերի ֆոտոմրցույթի արդյունքների ներկայացմամբ: Մրցույթի հաղթող են ճանաչվել Վայոց ձորի մարզի Չիվա բնակավայրի կին ֆերմեր Սուսաննա Կարապետյանը, իսկ Սյունիքի մարզի Սառնակունք բնակավայրից՝ Նորայր Ալեքսանյանը, ովքեր արժանացել են մրցանակների: Համաժողովին ներկա էին Սյունիքի և Վայոց ձորի մարզերից շուրջ վեց տասնյակ ներկայացուցիչներ:
Միջոցառումը կազմակերպվել էր <Անասնապահության զարգացում Հայաստանի հարավում> ծրագրի շրջանակներում: Նշենք, որ Ծրագիրն իրականացնում է <Ռազմավարական զարգացման գործակալություն> (ՌԶԳ) ՀԿ-ն՝ Շվեյցարիայի համադաշնության զարգացման և համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ: Ծրագիրը նպատակ ունի նպաստել անասնապահության ոլորտում ներգրավված ֆերմերների եկամուտների աճին և տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը: