Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզպետարանում քննարկվեց Հայաստանի տարածքների զարգացման ռազմավարության նախնական տարբերակը
04.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանում տեղի ունեցավ 2019-2025 թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկումը: Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է Եվրամիության և ՀՀ կառավարության համատեղ ջանքերով՝ <<Ուժեղ մարզեր, ուժեղ Հայաստան>> ծրագրի շրջանակներում:
Քննարկումը վարում էր Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Սահակյանը։ Քննարկմանը մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը, ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրի տեխնիկական աջակցության թիմի փորձագետ Ալեք Կարաևը և նույն թիմի ծրագրի պատասխանատուՀերմինե Քարամյանը:
Ծրագիրը և իրականացված փոփոխությունները ներկայացրեց ՀՀ ՏԿԵ նախարարության ներկայացուցիչ Աշոտ Առուշանյանը:
Կառավարությունն այսօր որդեգրել է տնտեսական հեղափոխության քաղաքականությունը, որն իրականացնելու համար պետք է սկսել կրթական հաստատություններից՝ պատրաստելով որակյալ և մրցունակ կադրեր,որոնք ապագայում կդառնան երկրի տնտեսության շարժիչ ուժը,- նշեց Ա. Առուշանյանը, հավելելով, որ ակնկալում է ՀՏԶՌ ծրագրի ակտիվ քննարկում:
Ա. Առուշանյանը նշեց նաև, որ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարությունը մշակվել է համակողմանի վերլուծությունների հիման վրա։ Հաշվի են առնվել տարբեր գործոններ՝ բնակչության նվազումը, աղքատության ցուցանիշերը։ Ա. Առուշանյանը նշեց, որ բնակչության մոտ 25 տոկոսը գտնվում է աղքատության գծից ցածր, թեև, վերջին տարիներին աղքատության ցուցանիշների նվազման միտում կա։ Նշենք, ցավոք, որ Վայոց ձորի մարզում աղքատության ցուցանիշը ազգային միջին ցուցանիշից բարձր է։
Տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակում հատկապես կարևորվել են սմարթ մասնագիտացման առաջնահերթ ոլորտները, որոնք կարող են լինել հեռանկարային և նպաստել երկրի զարգացմանը։
Բոլոր մարզերի համար առաջնահերթություն են համարվել՝
1.Զարգացած գյուղատնտեսություն,
1. Նոր մթերքներ,
2. Քաղցրահամ ջրերի կայուն կառավարում,
3. Կայուն հանքարդյունաբերություն,
4. Առաջադեմ արդյունաբերություն,
5. ՏՀ տեխնոլոգիաներ,
6. Առողջություն և բարեկեցություն,
7. Ստեղծագործական և փորձի վրա հիմնված արդյունաբերություններ և ծառայություններ.
8. Նոր կրթությու
10.Նոր սոցիալական ծառայություններ:
Ծրագրի նախնական տարբերակով նախատեսվում է առաջիկա 5 տարիների ընթացքում հանրապետության բոլոր 10 մարզերի ՀՆԱ-ն ներկայիս 46 տոկոսից դարձնել 50 տոկոս:
Նշվեց, որ ՀՏԶ ռազմավարության նպատական է՝ ապահովել Հայաստանի Հանրապետության բոլոր տարածքների համար համաչափ զարգացման հնարավորություն՝ ռեսուրսների, լավագույն փորձի և նորարարական մոտեցումների կիրառմամբ:
Վերջում ծավալվեց ակտիվ քննարկում, եղան առաջարկություններ, որոնք, ըստ պատասխանատուների, հաշվի կառվեն ծրագրի վերջնական տարբերակի մշակման ժամանակ:
Նախագծին ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://vdzor.mtad.am/files/announcements/7062.pdf