Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշխատանքային խորհրդակցություն ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ
26.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի մոտ կայացավ հերթական խորհրդակցությունը, մարզպետի խորհրդականների, օգնականների, մարզպետարանի գլխավոր քարտուղարի և ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ:
Մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները հանդես եկան նախորդ շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքների մասին հաշվետվությամբ:
Խորհրդակցության սկզբում ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը տեղեկատվություն ներկայացրեց մարզպետարանի 2020 թ. կարիքների համար գնումների մասին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց մարզային ենթակայության կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունների վերահսկողություն իրականացնել և ֆինանսական փաստաթղթերի վարման գործում մեթոդական խորհրդատվություն տրամադրել համայնքներին:
Քաղաքաշինության վարչության պետը զեկուցեց սուբվենցիոն ծրագրերով մարզում կատարվող աշխատանքների ուսումնասիրության արդյունքների մասին:
Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը տեղեկացրեց, որ գյուղատնտեսության զարգացման 2 ծրագիր է ներկայացվել ՀՀ ՏԿԵ նախարարություն, որոնք արժանացել են հավանության և անգլերեն տեքստի պատրաստ լինելուն պես, նախարարության կողմից կներկայացվեն համապատասխան կազմակերպություններին: Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց կազմակերպել ծրագրերի թարգմանությունը: Զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետը տեղեկացրեց, որ նույն ծրագրի շրջանակում իրենց բաժնի կողմից ներկայացվել է զբոսաշրջության զարգացման 4 ծրագիր, որոնք նույնպես հավանության են արժանացել և աշխատանքներ են տարվում տեքստերն անգլերեն թարգմանելու ուղղությամբ:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը ՏԻ և ՀԳՄ հարցերի վարչության պետին հանձնարարեց՝ զբաղվել համայնքներ ճանաչողական այցերի կազմակերպչական հարցերով, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել մարզի համայնքների աղբահանության խնդիրները: Արարատ Գրիգորյանը դժգոհություն հայտնեց Եղեգնաձոր քաղաքի աղբահանության վիճակի վերաբերյալ, մատնանշելով մարզպետարանի շրջակայքում տիրող սանիտարական ոչ պատշաճ վիճակը:
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը տեղեկացրեց, որ պատրաստվում են սոցիալական շտապ օգնության ծրագրի շրջանակում համագործակցել սոցիալական ոլորտի ՀԿ-ների հետ:
Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետը զեկուցեց ԳԹԿ-ի (գնահատման և թեստավորման կենտրոն) կողմից կազմակերպված սեմինար խորհրդակցության ընթացքում քննարկված թեմաների մասին:
Քննարկվեց նաև դպրոցների կառավարման խորհուրդների վերջնական կազմավորման հարցերը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը վարչության պետին հանձնարարեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության և համայնքների հետ համագործակցաբար ավարտին հասցնել կառավարման խորհուրդների կազմավորման գործը, ինչպես նաև ուշադրության կենտրոնում պահել աշակերտների անհարգելի բացակայությունների հարցը:
Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը զեկուցեց <Իմ քայլը> հիմնադրամի և բարեգործական այլ կազմակերպությունների հետ համագործակցության մասին:
Խորհրդակցության ավարտին մարզպետ Արարատ Գրիգորյանը բոլորին մաղթեց արդյունավետ աշխատանքային շաբաթ: