Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Արենի համայնքի բնակավայրերում
20.11.2019
Երեկ՝ նոյեմբերի 19- ին, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը ճանաչողական այցով եղել է Արենի համայնքում։ Արարատ Գրիգորյանն Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Ելփին, Չիվա, Ռինդ, Խաչիկ և Արենի բնակավայրեր։
Բնակիչների հետ կայացած հանդիպումների ընթացքում մարզպետը ծանոթացել է համայնքներում առկա իրավիճակին և մարդկանց հուզող խնդիրներին: Բնակիչների կողմից բարձրաձայնված հարցերին պատասխանել են մարզպետին ուղեկցող աշխատանքային խմբի անդամները՝ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներ և ՀՀ ԳՄ մարզային ծառայությունների ներկայացուցիչներ:
Իսկ որոշ հարցերի վերաբերյալ մարզպետարանում քննարկումներ կազմակերպելու նպատակով Արարատ Գրիգորյանը հանձնարարություններ է տվել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:
Բնակավայրեր այցերի շրջանակում մարզպետը եղել է Ելփինի կաթի վերամշակման և Խաչիկի կարի արտադրամասերում, զրուցել է աշխատակիցների հետ և ծանոթացել է աշխատանքային պայմաններին: Խաչիկում այցելել է նաև դպրոցում գործող նախակրթարան: Իսկ Ռինդում Արարատ Գրիգորյանն այցելել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից վերանորոգվող մանկապարտեզ, ծանոթացել շենքի նորոգման աշխատանքների ընթացքին և կատարման որակին: