Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ 4-րդ բանակային զորամիավորում ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը
05.11.2019
 Նոյեմբերի 5-ին հայկական բանակում նշվում է ՀՀ ԶՈՒ հետախուզության կազմավորման տարեդարձը: ՀՀ ՊՆ  4-րդ բանակային զորամիավորման ենթակա զորամասերից մեկում մեծ շուքով նշվեց զորատեսակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Տոնական միջոցառմանը հրավիրվել էին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ՀՀ ԳՄ տարածքային ծառայությունների պաշտոնատար անձիք, հանրակրթական դպրոցների ավարտական դասարանների աշակերտներ: Միջոցառման մասնակիցներին իրենց ողջույնի խոսքն   ուղղեցին զորամիավորման հրամանատար գեներալ-մայոր Վալերի Քոչարյանը և  ՀՀ Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյանը:
Գեներալ մայոր Քոչարյանն իր խոսքում հետախույզներին աննկուն կամք և արիություն մաղթեց և նշեց, որ միշտ պետք է լինել հակառակորդի ահն ու սարսափը:  Վայոց ձորի մարզպետ  Արարատ Գրիգորյանն իր խոսքում  նշեց՝  ինչպես ընդունված է ասել՝ հետախույզները  բանակի աչքերն ու ականջներն են, առանց որոնց հնարավոր չէ  պատկերացնել որևէ ռազմական գործողություն: Մարզպետն  առանձնապես ասաց՝   <<Տոնական այս պահին ցանկանում եմ խոնարհումով հիշել Արցախյան ազատամարտում, Ապրիլյան քառօրյայում և սահմանային միջադեպերում, հետախուզական գործողությունների ընթացքում զոհված մեր զինվորներին, սպաներին  ու քաջարի հրամանատարներին:   Բարի հիշատակ մաղթենք նրանց և հավատարիմ լինենք նրանց թափած արյամբ ձեռք բերած խաղաղության և մեր երկրի սահմաններն անառիկ պահելու սրբազան գործին>>:
Մասնագիտական օրվա կապակցությամբ ծառայության ընթացքում աչքի ընկած մի խումբ զինծառայողներ արժանացան պարգևների և զինվորական հերթական կոչումների:
Տոնական միջոցառման շրջանակներում զորամիավորման հետախույզները ցուցադրեցին մասնագիտական բարձր վարպետություն և պատրաստություն պահանջող վարժաձևեր: Հետախույզները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ պատրաստ են կատարելու ցանկացած մարտական առաջադրանք ՝ անկախ տարվա, եղանակի և օրվա ժամերից:






