Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի մեկամյա գործունեության ՌԴ Արխանգելսկի մարզ կատարած այցերի և ընդունելությունների արդյունքները
28.10.2019
ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի միջև կնքված <Համագործակցության համաձայնագրի> շրջանակներում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019 թվականի մարտի 18-ից 20-ը աշխատանքային այց է կատարել ՌԴ Արխանգելսկի մարզ: Մարտի 20-ին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի, Արխանգելսկի նահանգապետ Իգոր Օռլովի, Արխանգելսկի քաղաքային մարմնի ղեկավար Իգոր Գոձիշի, շրջանի ու քաղաքի պատգամավորական կորպուսի ներկայացուցիչների մասնակցությամբ Արխանգելսկում տեղի է ունեցել <Հայաստանի տան> հանդիսավոր բացումը:
Առևտրի տան հիմնական տարածքը զբաղեցվում է հայկական արտադրողների ապրանքներով՝ թարմ ու կոնսերվատիվ մթերքներ, չորամրգեր ու բնական հյութեր, ըմպելիքներ, սոուսներ ու բուրավետ թեյեր:
Բացման առիթով Արխանդելսկի մարզպետ Իգոր Օռլովը նշել է, որ երկու մարզերի մոտ ձևավորվել է ամուր գործընկերային և ընկերական հարաբերություններ՝ համաձայնեցված և հստակ գործողություններով պլանավորված համագործակցությամբ, որի նպատակն է բացել երկու երկրների միջև համագործակցության նոր եզրեր:
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը խոսել է ոչ միայն երկու երկրների փոխհարաբերությունների կարևորության, այլև մարզերի միջև ամուր փոխհարաբերության կարևորության մասին, վստահություն հայտնելով, որ այցերը նոր թափ կհաղորդեն առևտրա-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերի զարգացմանը գործընթացին:
Բացման առիթով <Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզի համագործակցության միություն> ոչ կոմերցիոն կազմակերպության տնօրեն Մամիկոն Գեկչյանը նշել է, որ Արխանգելսկում <Հայաստանի տունը> արդեն մի քանի օր է, ինչ աշխատում է թեստային ռեժիմում, բայց հայկական ապրանքների նկատմամբ արխանգելսկցիների հետաքրքրվածությունը մեծ է այնքան, որ շատերը երկրորդ անգամ են հաճախում:
Տեղեկացնենք, որ <Հայաստանի տան> ոչ մեծ դահլիճում ծրագրվում է նաև գործարար հանդիպումներ անցկացնել` գործընկերային կապերը ընդլայնելու և հետաքրքրված թիմակիցներ ներգրավելու նպատակով, ներկայացնել Հայաստանի մշակութային ու զբոսաշրջային ներուժը, անցկացնել տարատեսակ միջոցառումներ:
Նշենք, որ Արխանգելսկում Հայաստանի առևտրի տան բացումը Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզերի երկկողմ համագործակցություն գործնական քայլերից մեկն է` ամրագրված համագործակցությունն ու գործողությունների հստակ ռազմավարությունը: Նախագիծը կյանքի է կոչվել Արխանգելսկի ու Վայոց ձորի մարզերի համագործակցության միության» կողմից` 2018 թվականին: Նախագծի հիմնադիրներն են <Արխանգելսկի մարզի զարգացում> կորպորացիան, <Ռուսաստանում հայերի միությունն> ու <Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման> հիմնադրամները:
Արխանգելսկում ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը տեղեկացրել է, որ 2019 թվականի հոկտեմբերին ծրագրվում է Երևանում <Արխանգելսկի տան> բացումը և, որ արդեն ընտրվել է շինությունը, նախագծվել է առևտրի տունը հյուսիսային ոճով կահավորելու նախագիծը, առևտրային ու խորհրդակցությունների սենյակներով` որը կբացահայտի Արխանգելսկի մշակույթն ու ավանդույթները` ավանդական խոհանոցի հետ համատեղ:
Վայոց ձորի պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում այցելություն է եղել նաև Հյուսիսային(Արկտիկական) դաշնային համալսարան, ինչպես նաև մասնակցություն՝ մշակութային ծրագրերի: Հանդիպման ժամանակ Արխանգելսկի նահանգապետն առաջարկել է համալսարանի ղեկավարներին՝ մտածել Հայաստանից Արխանգելսկ սովորելու եկած լավ առաջադիմությումբ ուսանողներին թոշակով խրախուսելու հնարավորության մասին:
Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի համագործակցության փորձը հետաքրքրել է նաև Կալինինգրադի մարզի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա Կալինինգրադի մարզի ազգային-մշակութային տարածքային միության գործադիր տնօրեն Կարեն Սուջյանը նշել է, որ Պոմորեի և Կալինինգրադի ջանքերի միավորման շնորհիվ Հայաստանի հետ համագործակցությունը կարող է նոր մակարդակի հասնել:
Իգոր Օռլովը և Տրդատ Սարգսյանը քննարկել են զբոսաշրջության զարգացման հարցեր, ինչպես նաև Պոմորեի և Հայաստանի գեղարվեստական խմբերի մասնակցությամբ մշակութային փոխայցերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:
Փոխադարձ այցելության շրջանակում հոկտեմբերին Հայաստանի Հանրապետություն է ժամանել Արխանգելսկի մարզի պատվիրակությունը, Իգոր Օռլովի գլխավորությամբ: Այցի ընթացքում՝ 2019 թվականի հոկտեմբերի 6-ին, . կայացել է ՌԴ Արխանգելսկի և ՀՀ Վայոց ձորի մարզերի համատեղ բիզնես ֆորումը: Ֆորումի ընթացքում քննարկվել են երկու մարզերի միջև ակտիվ փոխշահավետ համագործակցությունը մի քանի ոլորտներով, մասնավորապես՝ առողջապահություն, բիզնես, տուրիզմ ու կրթություն:
Բիզնես ֆորումի բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Արխանգելսկի նահանգապետԻգոր Օռլովը, Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, ՌԴ-ում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:
Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը ողջույնի խոսքում կարևորել է Արխանգելսկի մարզի հետ բոլոր հնարավոր ուղղություններով համագործակցությունը, հատկապես նշելով վերջին մեկ տարվա ընթացքում ի կատար ածված բոլոր նախկին պայմանավորվածությունները, առանձնացնելով Արխանգելսկում ս/թ մարտ ամսին բացված «Дом Армян» և սույն թվականի հոկտեմբերի 7-ին Երևանում բացվող «Дом Архангелска» բիզնես կենտրոնները: Ֆորումի մասնակիցներին ուղղված իր խոսքում նա նշել է, - << Մենք խոսում ենք մեկ լեզվով և մեկ մշակույթով, դա արդեն եղբայրական և բարեկամական կապ է, և այս հարաբերությունները կախված չեն անհատներից, այլ երկու ժողովուրդների միջև դարավոր կապի արդյունքն են>>:
Բիզնես ֆորումն ավարտվել է երկկողմ ձեռք բերված պայմանավորվածություններով;
Ֆորումի ավարտից հետո Արխանգելսկի նահանգապետ Իգոր Առլովը և նրա գլխավորած պատվիրակությունը Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի և մարզպետարանի աշխատակիցների հետ մասնակցել են Մալիշկա համայնքի Լոմոնոսովի անվան միջնակարգ դպրոցում հյուրերի պատվին նվիրված համերգին: Նշենք, որ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովի դպրոցին նվիրել է սպորտային պարագաներ, գրքեր և Արխանգելսկի դպրոցականների ձեռքով պատրաստված հուշանվերներ:
Հոկտեմբերի 7-ին Երևանում տեղի ունեցավ <Արխանգելսկի տան> հանդիսավոր բացումը: Մինչ բիզնես ֆորումը հոկտեմբերի 5-ին Իգոր Օռլովը մասնակցել է Արենիում կայացած Արենի գինու փառատոնին:
Հայաստանյան այցի մշակութային կապերի շրջանակում Արխանգելսկի <Հյուսիսային երգչախումբ> համույթը գեղեցիկ կատարումներով հանդես է եկել Եղեգնաձորի մշակույթի կենտրոնում, ֆորումի մասնակիցների առջև և Արենի գինու փառատոնի համերգային ծրագրում:
Հիշեցնենք, որ ՀՀ Վայոց ձորի և ՌԴ Արխանգելսկի մարզերի միջև ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ է ստորագրվել 2012 թվականին, Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության 2015-2017թթ. միջոցառումների իրականացման ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ է ստորագրվել 2015 թվականին և Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկի և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզերի միջև առևտրա-տնտեսական, գիտա-տեխնիկական և հումանիտար համագործակցության 2018-2020թթ. միջոցառումների իրականացման ԾՐԱԳԻՐ է ստորագրվել 2018 թվականին: