Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը
26.07.2019
Այսօր՝ հուլիսի 26-ին, Վայոց ձորի մարզում տեղի ունեցավ 2019 թվականի ամառային զորակոչի վերջին հավաքը, Եղեգնաձորի տարածաշրջանից: Ինչպես միշտ՝ նորակոչիկներին բանակ ճանապարհելու հանդիսավոր միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Ռազմահայրենասիրական երգերի ուրախ հնչյունների ներքո նորակոչիկները ներս մտան եկեղեցի, ստանալու Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ, Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանի օրհնությունը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի աշխատակիցներ Նարեկ Մարտիրոսյանը, Հրայր Ասատրյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարեմաղթանքների ջերմ խոսքեր ասացին մարզի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը, Հայրենական մեծ պատերազմի վետերան Սարգիս Հարությունյանը:
Վայոց ձորի մարզում ավարտվեց 2019 թվականի ամառային զորակոչը, որը կազմակերպվեց պատշաճորեն և սահմանված կարգով:
Մենք նույնպես բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն ենք մաղթում բոլոր նորակոչիկներին, իսկ Հայոց բանակին՝ խաղաղ օրեր: