Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը

03.07.2019

  Հուլիսի 3-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ամառային զորակոչը: Նորակոչիկներին հանդիսավորությամբ բանակ ճանապարհելու միջոցառումը կազմակերպվել էր Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում: Եկեղեցու կամարների տակ թևածում էր ռազմահայրենասիրական երգերի ուրախ հնչյունները, որոնց արձագանքը երկար կմնա նորակոչիկների հիշողության մեջ, հիշեցնելով նրանց հայրենի եզերքի և նրա պաշտպանության մասին:
  Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գրիգոր Գրիգորյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
Նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեցին մարզի զինկոմիսար Արմեն Հովսեփյանը, վետերան Սարգիս Հարությունյանը: Մարզպետ Տ. Սարգսյանը նորկոչիկներին ուղղված բարեմաղթանքի  իր խոսքում նրանց խաղաղ ու անվտանգ ծառայություն մաղթեց և նշեց, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր հայի համար պատիվ է և հպարտություն:
   Նորակոչիկների բարի ճանապարհի և անվտանգ ծառայության համար օրհնության կարգ կատարեց  Եղեգնաձորի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Վազգեն քահանա Հովհաննիսյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին:
Նշենք, որ մինչ եկեղեցում կայացած միջոցառումը, նորակոչիկների հետ հանդիպել և բանակային կարգուկանոնի մասին ևս մեկ անգամ զրուցել էր մարզային զինկոմիսարը:
Երիտասարդ նորակոչիկների հիշողություններում ծառայության ողջ ընթացքում արձագանքելու են հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած բարեմաղթանքի ջերմ խոսքերը, ճանապարհողների հուզախառն ժպիտները, հիշեցնելով՝ երկրի սահմաններն անառիկ պահելու և հայրենակիցների խաղաղ կեցությունն ապահովելու սրբազան պարտականությունը:
  Վայոց ձորի մարզային զինվորական կոմիսարիատից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից-եղբայրների շարքերը:
   Ամենօրյա խաղաղ բացվող արշալույս Հայոց բանակին, անվտանգ ծառայություն հայ զինվորին ու բարի վերադարձ սիրելի նորակոչիկներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40