Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հունիսի 8-ին կանցկացվի համապետական մաքրության ևս մեկ միջոցառում․ Վաչե Տերտերյան
23.05.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը «Մաքուր Հայաստան» գործողությունների ծրագրի շրջանակներում այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների տեղակալների մասնակցությամբ։
Փոխնախարար Տերտերյանը ներկաներին հայտնել է, որ հավատարիմ մնալով նախարար Սուրեն Պապիկյանի՝ համապետական մաքրության միջոցառումներ պարբերաբար անցկացնելու հանձնառությանը, հունիսի 8-ին նախատեսվում է կազմակերպել ևս մեկ շաբաթօրյակ։
Նախորդ համապետական մաքրության միջոցառումների արձանագրումներն, ըստ Վաչե Տերտերյանի, հուշում են, որ աղբահավաքության աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտ է բանուկ և մարդաշատ հատվածներից զատ հայացք ուղղել նաև ոչ մարդաշատ և բնակավայրերից հեռու գտնվող տարածքներին։
Փոխնախարարը մարզպետների տեղակալներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի համար մշակել մաքրման ենթակա տարածքների առցանց քարտեզներ, գոտիավորման սխեմաներ, ձևավորել մաքրման աշխատանքների համակարգման խմբեր։
Աղբյուրը՝ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական կայք, 22.05.2019