Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներ՝ Վայոց ձորում
09.05.2019
Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումը մարզկենտրոն Եղեգնաձորում սկսվեց Հայրենական մեծ պատերազմում զոհված եղեգնաձորցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի հրապարակից, տոնական համերգով:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի գլխավորությամբ երթով հուշարձան բարձրացան, ծաղկեպսակներ դրեցին և ծաղիկներ խոնարհեցին պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, ՀՀ գործադիր մարմինների մարզային ծառայությունների ղեկավարներ և աշխատակիցներ, զինվորականներ, մարզային ու համայնքային ենթակայության կրթական, առողջապահական, մարզական հաստատությունների ներկայացուցիչներ, ուսանողներ, աշակերտներ, հյուրեր և քաղաքի բնակիչներ:
Միջոցառման մասնակիցներին ողջունեց մեծ հայրենականի վետերան Սարգիս Հարությունյանը: Այնուհետև այցելություն եղավ Արցախյան ազատամարտի զոհերի շիրիմներն ամփոփող Եղեգնաձորյան եռաբլուր, որտեղ ևս ծաղիկներ խոնարհվեցին նրանց անմար հիշատակը հավերժացնող հուշարձաններին:
Տոնական միջոցառումը նախաձեռնել էր ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը, որն իրակացրեց մարզային մշակույթի կենտրոնը: Համերգային ծրագրին մասնակցեցին մարզային մշակույթի տան <Բողբոջ> պարային ու ազգագրական պարի համույթները, դհոլահարների խումբը, Ատգեն Արմենյան ստուդիայի ու Ջիվանու անվան աշուղական դպրոցի սաները և մենակատարներ Նարեկ Կարախանյանը, Անահիտ Գևորգյանը, Մհեր Մհերյանը:
Նշենք, որ տոնական միջոցառումներ են կազմակերպվել մարզի բոլոր համայնքներում: