Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հիշատակի և ոգեկոչման արարողություններ Վայոց ձորում
24.04.2019
Այսօր Վայոց ձորի մարզում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանի առաջնորդությամբ մարզկենտրոն Եղեգնաձորում ծաղկադրման բազմամարդ երթ էր կազմակերպվել դեպի Եղեգնաձորի եռաբլուրում Ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշարձան: Երթին մասնակցում էին Եղեգնաձորի քաղաքապետ Դավիթ Հարությունյանը, մարզպետարանի և Եղեգնաձորի քաղաքապետարանի աշխատակիցները, հոգևոր դասի ներկայացուցիչներ, կրթական, մշակութային և առողջապահական հաստատությունների, իրավապահ համակարգի աշխատակիցներ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան քառօրյայի մասնակիցներ, զինվորականներ, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ:
Եղեգնաձորի առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս.Պատարագ և Բարեխոսության կարգ՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների:
Նշենք, որ հիշատակի արարողություններ են կատարվել մարզի բոլոր համայնքներում:
Իսկ ապրիլի 23-ին Եղեգնաձորում կազմակերպվել էր ջահերով երթ: