Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքում <Գաստրո բակ> գինետան բացման արարողությանը
17.04.2019
Այսօր ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Արենի բնակավայրում <Գաստրո բակ> գինետան բացման հանդիսավոր արարողությանը: Նախարար Սուրեն Պապիկյանին ուղեկցել են ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը և Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը: Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը և Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը:
Գաստրո բակերի հայեցակարգի իրականացման ծրագիրը մեկնարկել է դեռևս 2018 թվականին։ Անցած տարի գաստրո բակեր են բացվել Տավուշի և Արագածոտնի մարզերում:
Գաստրո բակերը յուրաhատուկ զբոսաշրջային վայրեր են, որտեղ զբոսաշրջիկները հնարավորություն ունեն համտեսել հայկական ուտեստներ, ականատես լինել գինու ստեղծման ընթացքին և շփվել տեղի բնակիչների հետ:
Նախարար Սուրեն Պապիկյանն իր բացման խոսքում շնորհակալություն է հայտնել ՌԴ կառավարությանն ու ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին` Հայաստանի գյուղական համայնքներում զբոսաշրջային ենակառուցվածքների զարգացման հայեցակարգը կյանքի կոչելու համար և նշել, որ այս անգամ արդեն Արենիում գաստրո բակի կառուցումը ևս մեկ նշանակալի նախադեպ կարող է հանդիսանալ Հայաստանի մյուս համայնքների համար։ <Մենք շահագրգռված ենք Հայաստանի գյուղական համայնքներում տուրիզմի զարգացման հեռանկարով , և գաստրո բակերի մշակույթի ներդրումը հիանալի հնարավորություն է այն կյանքի կոչելու համար։ Գյուղական համայնքների կոլորիտային առօրյան նման նախադեպով ներկայանալի դարձնելը լրացուցիչ խթան կհանդիսանա, որպեսզի մեր համայնքները և՛ բնակիչների, և՛ զբոսաշրջիկների համար դառնան ավելի գրավիչ, տեսանելի ու ,իհարկե հետաքրքիր>,- ասել է նախարարը։
<Ես հույս ունեմ, որ գաստրո բակը կհետաքրքրի բազմաթիվ զբոսաշրջիկների և կդառնա նրանց սիրված վայրերից մեկը, որտեղ նրանք կզգան հայկական շունչն ու տրամադրությունը>, - իր խոսքում նշել է Հայաստանում ՌԴ դեսպանության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ալեքսեյ Սինեգուբովը:
<Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ և ազդարարել գաստրո բակի բացումը: Լիահույս եմ, որ զբոսաշրջիկներն այստեղ կվայելեն հայկական ավանդական ուտեստներ, կծանոթանան տեղի մշակույթին և անպայման կվերադառնան նոր հիշողությունների ակնկալիքով: Բակի ամենակարևոր գործառույթներից է ձևավորել մշակույթ տեղական համայնքներում և ոգևորել տեղի բնակիչներին` վերածել զբոսաշրջությունը եկամտի կայուն աղբյուրի: Այս յուրատեսակ բակի հիմնումը կարևոր քայլ է այդ ուղղությամբ>, - ասել է Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։
<Ինտեգրված գյուղական զբոսաշրջության զարգացում> ծրագիրն աջակցում է Հայաստանի գյուղական համայնքներին՝ ստեղծելու այլընտրանքային եկամտի աղբյուրներ գյուղաբնակների համար զբոսաշրջության զարգացման միջոցով: Ծրագրի առաջնային խնդիրներից է կրթել և ներգրավել տեղական համայնքներին՝ քաջալերելով նրանց մշակել նոր լուծումներ զբոսաշրջիկներին գրավելու համար:
<Գաստրո բակ> գինետունը պատկանում է Արենիի բնակիչ Հայկ Ստեփանյանին:
Աղբյուրը՝ http://mtad.am, 17.04.2019