Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Հանդիպում Ապրիլյան քառօրյայի մասնակից Էդիկ Մարտիրոսյանի հետ
10.04.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը հանդիպել է Ապրիլյան քառօրյայի մասնակից, քառօրյա կռիվների ընթացքում վիրավորված Էդիկ Մարտիրոսյանի հետ: Հանդիպման մասնակցել է նաև մարզպետարանի Զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը: Էդիկ Մարտիրոսյանը մարզի Եղեգիս համայնքի Վարդահովիտ գյուղի բնակիչ է, սակայն այս պահին ապրում է Եղեգնաձոր քաղաքում: Նա սովորում է ՀՊՏՀ-ի Եղեգնաձորի մասնաճյուղում և աշխատում է ՊՆ համակարգում:
Ցավոք պատերազմի հետքերը, ոչ միայն նրա հոգում են այլև բեկորների տեսքով շարունակում են մնալ նրա մարմնում, ինչը որոշակիորեն սահմանափակում է նրա աշխատանքի հնարավորությունները: Քննարկեցին պետության կողմից տրվող արտոնությունների, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում ստանալու մասին համապատասխան փաստաթղթավորում ապահովելու ու ուսման վճարի զեղչի վերաբերյալ հարցերը, ինչպես նաև մատչելի բնակարան ունենալու հեռանկարը և մի շարք այլ հարցեր: Փոխմարզպետ Նանե Ասատրյանը նշեց, որ ռազմական գործողությունների մասնակից վայոցձորցիները կլինեն ուշադրության կենտրոնում, կփնտրեն և միասին կգտնեն զինծառայողների կյանքը հայրենի մարզում ավելի բարենպաստ դարձնելու հնարավորություններ:
Նշենք, որ Էդիկ Մարտիրոսյանը սպասում է ընտանիքի առաջնեկի լույս աշխարհ գալուն: Էդիկ Մարտիրոսյանն իր կյանքի ընկերուհուն՝ դեղագործ Լենա Կիրակոսյանին հանդիպել է Մուրացանի անվան զինվորական հիվանդանոցում վերականգնողական բուժում ստանալու ընթացքում: