Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ճապոնիայի կառավարությունը նոր գույք կտրամադրի Վայոց ձորի մարզի 19 դպրոցի
06.03.2019
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում այսօր տեղի է ունեցել <Մարդկային անվտանգության ապահովման ծրագրերի համար դրամաշնորհային աջակցություն> ծրագրի շրջանակներում 67,694 ԱՄՆ դոլար (7,581,728 ճապ. իեն) արժողությամբ <Վայոց ձորի դպրոցներին դպրոցական սարքավորումների տրամադրման նախագծի> համար դրամաշնորհի պայմանագրի ստորագրման արարողությունը: Ծրագրի նպատակն է Վայոց ձորի մարզի 19 դպրոցի տրամադրել նոր դպրոցական գույք՝ նստարաններ և աթոռներ: Դրամաշնորհային պայմանագիրը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայը և <Զարգացում և բարեկեցություն> ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը։ Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը և Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը:
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, ողջունելով Ճապոնիայի դեսպանատան հերթական նախաձեռնությունը, նշել է, որ համապատասխան ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մինչ այժմ մեծ համակազմ ունեցող դպրոցներին ավելի մեծ ուշադրություն է դարձվել: <Այսպիսի նախաձեռնությունները կարևոր են կրթության ընդհանուր որակը բարձրացնելու տեսանկյունից, քանի որ դպրոցների ֆիզիկական պայմանները ևս կարևոր ցուցիչ են այդ հարցում>,-նշել է նախարարը:
ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադայի խոսքով՝ Հայաստանում փոքր համակազմ ունեցող դպրոցները հազվադեպ են ստացել գործընկերների աջակցությունը: <Նոր տեղադրված սարքավորումները կբարելավեն 2300 աշակերտի ուսումնական, ինչպես նաև 570 ուսուցչի աշխատանքային միջավայրը: Խորապես համոզված ենք, որ կրթությունը երկրի կարևոր հիմնասյուներից է և ապագայի հաջողության բանալին: Հենց այս պատճառով Ճապոնիան կարևորում է կրթական գործընթացում պատշաճ հարմարությունների ապահովումը: Մենք հույս ունենք, որ այս օժանդակությունը կդառնա ամուր կապ և բարեկամության մարմնացում, որ ավանդաբար ձևավորում է Հայաստանի և Ճապոնիայի հարաբերությունների հիմքը>,-նշել է դեսպանը՝ տեղեկացնելով, որ այս պայմանագիրը մեկն է այն շարունակական աջակցության քայլերից, որը ցուցաբերում է Ճապոնիայի կառավարությունը: Վերջինիս օժանդակությամբ ՀՀ մարզերում իրականացվել է 58 ծրագիր, որի շրջանակում վերանորոգվել է ավելի քան 250 դպրոց:
<Զարգացում և բարեկեցություն. ՀԿ-ի նախագահ Գայանե Գևորգյանը տեղեկացրել է, որ 19 դպրոցների ընտրությունը կատարվել է Վայոց ձորի մարզպետարանի հետ համատեղ աշխատանքի արդյունքում: <Ծրագրի իրականացման համար նախատեսված է մեկ տարի, սակայն մենք կանենք հնարավորը, որպեսզի նոր ուսումնական տարին երեխաները դիմավորեն կահավորված դասասենյակներում>,-նշել է նա՝ ընդգծելով, որ այս պահի դրությամբ <Զարգացում և բարեկեցություն> ՀԿ-ն հաջողությամբ ավարտել է Արագածոտնի, Տավուշի, Արմավիրի և Արարատի մարզերում դպրոցական սարքավորումների տեղադրումը՝ Ճապոնիայի կառավարության ֆինանսական աջակցությամբ։
Աղբյուրը՝ http://edu.am, 27.02.2019