Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզում կմեկնարկի տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական կրթական ծրագիր
01.02.2019
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հյուրընկալել էր Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղի տնօրեն Արփինե Հովակիմյանը: Հանդիպման ընթացքում ՀՀ Վայոց ձորի մարզպետարանը՝ ի դեմս Մարզպետ Տրդատ Սարգայանի, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնը՝ ի դեմս տնօրեն Ամալյա Եղոյանի և ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղը՝ ի դեմս Արփինե Հովակիմյանի եռակողմ հուշագիր ստորագրեցին ՀՀ Վայոց ձորի մարզում տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական կրթական ծրագրի իրականացման մասին:
Ծրագրի նպատակն է՝ նպաստել Վայոց ձորի մարզում ՏՏ ոլորտի զարգացմանը և աջակցել ոլորտում աշխատող երիտասարդների գործունեության արդյունավետության բարձրացմանը:
Մարզպետ Տ. Սարգսյանը ողջունելով հյուրերին, իր խոսքում մասնավորապես նշեց՝ <Մարզերի զարգացումը չափազանց կարևոր ռազմավարակն խնդիր է, որը բխում է մեր պետության շահերից: Նման ծրագրերը հնարավորություն են տալիս մարզաբնակ երիտասարդությանն իրենց ապագան պատկերացնել հայրենի մարզում և հնարավորինս նպաստել դրա զարգացմանը: Տեխնոլոգիաները չեն ճանաչում աշխարհագրություն և դրանց տարածումը կարող է էապես նպաստել մարզերի համաչափ զարգացմանը՝ լուծելով նաև մարզերի բնակիչների զբաղվածության հարցը>:
<Եղեգնաձորը Գավառից հետո երկրորդ քաղաքն է, որտեղ մարտի 1-ից կմեկնարկեն տեխնոլոգիական ոլորտի մասնագիտական կրթական ծրագրեր: Մենք վստահ ենք, որ Վայոց ձորի երիտասարդության համար սա լիարժեք հնարավորություն է տեխնոլոգիական կրթություն ստանալու և մարզի արագ տեմպերով զարգանալուն նպաստելու առումով:>,- հավելեց Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Ամալյա Եղոյանը:
Ծրագիրը, որը տևելու է 8 ամիս, համաֆինասավորվելու է Հայ Օգնության Ֆոնդի կողմից: Դիմելու վերջնաժամկետը փետրվարի 25-ն է (ներառյալ): Հարկավոր է գրանցվել հետեւյալ հղումով՝ http://gitc.am/regions/vayots-dzor: Մասնակիցների ընտրությունը կկատարվի հարցազրույցի միջոցով:
Բոլոր խմբերի համար մասնակցությունը անգլերեն լեզու, ալգորիթմների տեսություն եւ դիսկրետ մաթեմատիկա դասընթացներին պարտադիր է:
Դասընթացը հաջողությամբ ավարտած շրջանավարտները կստանան ավարտական վկայականներ, ինչպես նաև հնարավորություն կունենան համագործակցել ՏՏ և ճարտարագիտության ոլորտի լավագույն մասնագետների ու ընկերությունների հետ:
Դասընթացի ավարտից հետո մասնակիցները հնարավորություն կունենան երկամսյա պրակտիկա անցնել, ամրապնդել ստացած տեսական ու գործնական գիտելիքները և ծանոթանալ աշխատաշուկայի հետ: