Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Սուրեն Պապիկյանը տարեմուտի առաջին խորհրդակցությունն է անցկացրել մարզպետների մասնակցությամբ
16.01.2019
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեմուտի առաջին աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։
Ողջունելով գործընկերներին՝ նախարարի պաշտոնակատարը շնորհավորել է նրանց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ և մաղթել բեղմնավոր ու արդյունավետ աշխատանքային տարի։ Անցնելով աշխատակարգային հարցերի քննարկմանը՝ Սուրեն Պապիկյանը մարզպետներին կոչ է արել հետևողական և հասցեական մոտեցում ցուցաբերել համայնքների սեփական եկամուտների՝ հողի հարկի և գույքահարկի, հավաքագրման գործընթացի նկատմամբ ու ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ ոլորտում առկա ցուցանիշները բարելավելու և նախորդ տարվա համեմատ 2019 թվականին ավելի բարձր արդյունքներ ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս նպատակով համայնքապետերի և բնակչության հետ մարզպետների կողմից անհատական աշխատանք տանելու անհրաժեշտությունը։ Մի շարք համայնքներում առաջիկայում կայանալիք ընտրություններին ընդառաջ Սուրեն Պապիկյանը մարզպետներին հորդորել է հավուր պատշաճի կազմակերպել ընտրական գործընթացի նախապատրաստական աշխատանքները, բացառել ընտրությունների լեգիտիմության վրա ստվեր նետող ցանկացած դրսևորում՝ հավասար պայմաններ և հնարավորություններ ընձեռելով բոլոր թեկնածուներին։ <<Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում մենք պետք է ստեղծենք հավասար հնարավորություններով այնպիսի մրցակցային դաշտ, որի պայմաններում համայնքապետ կընտրվի համայնքային հիմնախնդիրներին տիրապետող, դրանց լուծման տեսլականն ունեցող և բնակչության վստահությունը վայելող անձը>>,- ասել է նախարարի պաշտոնակատարը։ Սուրեն Պապիկյանը մարզպետներից նաև հետաքրքրվել է սիգի փողոցային առևտուրը դադարեցնելու և համայնքների ղեկավարների հետ համատեղ ստուգայցեր կազմակերպելու առնչությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տրված հանձնարարականի ընթացքի, արձանագրված արդյունքների վերաբերյալ և զուգահեռաբար ընդգծել, որ պետք է խստագույնս վերահսկողություն իրականացնել՝ բացառելով ոլորտում առկա ցանկացած հանցավոր դրսևորում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև օրակարգային հանդիսացող ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգի փոփոխություններին, մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, <<Իմ քայլը հանուն մարզի>> ներդրումային համաժողովի կազմակերպման աշխատանքների իրականացմանը, նախակրթարաններում և դպրոցներում մարզպետարանների իրավասության շրջանակներում տարվող հակահամաճարակային միջոցառումներին վերաբերող հարցեր։
Աղբյուրը՝ http://mtad.am, 15.01.2019