Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայքի տարածաշրջանից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեցին 2018 թվականի ձմեռային զորակոչի նորակոչիկները
15.01.2019
Հունվարի 15-ին Վայոց ձորի մարզում կայացավ 2018 թվականի ձմեռային զորակոչի երկրորդ հավաքը՝ Վայքի տարածաշրջանից մի խումբ նորակոչիկներ մեկնեցին պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մարզային զինվորական կոմիսարիատում նորակոչիկներին հանդիպեց, նրանց հետ զրուցեց ու անվտանգ ծառայություն մաղթեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Ռազմիկ Տոնոյանը:
Այնուհետև նորակոչիկներին ճանապարհելու հանդիսավոր միջոցառում կազմակերպվեց Վայք քաղաքի Սուրբ Տրդատ եկեղեցում: Եկեղեցում նորակոչիկներին բարի ճանապարհ մաղթեց Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, իսկ օրհնության կարգ կատարեց Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկները խաչեր նվեր ստացան, որն իրենք կկրեն ծառայության ողջ ընթացքում:
Միջոցառմանը ներկա էին համայնքի ղեկավարներ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի զորահավաքային պատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանը նշեց, որ 2018 թվականի զորակոչի վերջին հավաքը Վայոց ձորի մարզում կլինի ս/թ հունվարի 25-ին, թեև ՀՀ տարածքում զորակոչը տևելու է մինչև հունվարի 31-ը:
Ձեզ բարի ճանապարհ և անվտանգ ծառայություն սիրելի նորակոչիկներ: