Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վայոց ձորի մարզում մեկնարկեց ձմեռային զորակոչը

10.01.2019

 Այսօր՝ հունվարի 10-ին, Վայոց ձորի մարզում մեկնարկեց 2019 թվականի ձմեռային զորակոչը: Նորակոչիկներին հանդիսավորությամբ բանակ ճանապարհելու միջոցառումը կազմակերպվեց Եղեգնաձորի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Վայոց ձորի մարզի զինկոմիսար, փոխգնդապետ Արմեն Հովսեփյանը, համայնքի ղեկավարներ, վետերաններ, նորակոչիկների ծնողներն ու հարազատները:,
Նորակոչիկների անվտանգ ծառայության համար օրհնության կարգ կատարեցին Վայոց Ձորի թեմի փոխառաջնորդ Տեր Զարեհ վարդապետ Կաբաղյանը և Վայքի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Սեպուհ քահանա Հարությունյանը: Օրհնության կարգից հետո բոլոր նորակոչիկներին խաչեր նվիրեցին:
Վայոց ձորի մարզային զինվորական կոմիսարիատից նորակոչիկների առաջին հավաքի մասնակիցները մեկնեցին համալրելու Հայոց բանակում ծառայող իրենց զինակից եղբայր-զինվորների շարքերը: Նրանց հիշողություններում ծառայության ողջ ընթացքում արձագանքելու են հանդիսավոր միջոցառման ժամանակ հնչած բարեմաղթանքի ջերմ խոսքերը, ճանապարհողների հուզախառն ժպիտները և հայրենասիրական ու ազգագրական երգ-երաժշտության ուրախ հնչյունները:
Նորակոչիկների ծնողներն ու հարազատները համոզված էին, որ իրենց երեխաները պատվով կկատարեն երկրի սահմաններն անառիկ պահելու և հայրենակիցների խաղաղ կեցությունն ապահովելու սրբազան պարտականությունը: Բոլորը Հայոց բանակին մաղթում էին խաղաղ օրեր, իսկ նորակոչիկներին՝ խաղաղ ծառայություն ու բարի վերադարձ:
Թող բոլոր արշայուսները Հայոց բանակում բացվեն խաղաղությամբ, իսկ մայրամուտները բերեն անդորր ու հանգիստ գիշերներ:
Ձեզ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ սիրելի նորակոչիկներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:54:40