Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանը տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ

19.12.2018

 ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն այսօր տարեվերջյան աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Սուրեն Պապիկյանը շնորհավորել է մարզպետներին նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ իրավական պետության ոգուն և տառին համապատասխան խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու և պատվով անցկացնելու կապակցությամբ և ընդգծել, որ հանրության կողմից պատվիրակված մեծ պատասխանատվությունը կյանքի կոչելու և բնակչության սպասումներն արդարացնելու նպատակով անհրաժեշտ է լծվել օրնիբուն քրտնաջան աշխատանքի։
Անցնելով խորհրդակցության հիմնական հարցերին՝ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել համայնքների սեփական եկամուտների հավաքագրման տեմպերից ու ցուցանիշներից և մարզպետներին հորդորել է բացատրական աշխատանքներ տանել համայնքների ղեկավարների հետ՝ ոլորտում առկա պատկերը շտկելու և բարելավման արդյունքներ ապահովելու նպատակով։

Խորհրդակցությանը քննարկվել է նաև համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, որի արդյունքներով 2018թ.-ին ՀՀ մարզպետարաններից ստացվել է շուրջ 230 հայտ, հավանության է արժանացել 180-ը, որից 114 ծրագիր՝ շուրջ 1մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով, արդեն ֆինանսավորվել է, իսկ մինչև տարվա ավարտը նախատեսվում է ևս 360 մլն ՀՀ դրամի ֆինանսավորում։ Նախարարի պաշտոնակատարը համոզմունք է հայտնել, որ հաջորդ տարվա համար նախատեսված սուբվենցիոն ծրագրերի իրականացման նպատակով ընտրված հստակ չափորոշիչները հնարավորություն կտան այս գործընթացն ավելի սահուն և արդյունավետ կազմակերպել։
Անդրադառնալով համայնքների կողմից աղբահանության կազմակերպման գործընթացին՝ Սուրեն Պապիկյանը կոչ է արել մարզպետներին ակտիվացնել աղբահանության համար նախատեսված գումարների հավաքագրման աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը նաև կարևորել է այս ոլորտում համայնքների կողմից իրականացվող աշխատանքների ինքնածախսածածկման անհրաժեշտությունը և ընդգծել, որ աղբահանության պատշաճ կազմակերպման ու մաքուր միջավայրի ձևավորման գերկարևոր խնդիրը պետք է լինի յուրաքանչյուր համայնքապետի ամենօրյա աշխատանքը։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև մարզերում առաջնային լուծում պահանջող խնդիրներին ուղղված ծրագրերի իրականացման ընթացքին, մարզերում ներդրումային համաժողովներ կազմակերպելուն, միջպետական և միջհամայնքային ճամփեզրերին հասարակական զուգարանների սանիտարական վիճակի բարելավմանն ուղղված հարցեր, որոնց ապահովման վերաբերյալ նախարարի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ։

Աղբյուրը՝ http://mtad.am, 18.12.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:38:30