Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ինտեգրատիվ համերգ Եղեգնաձորի երաժշտական դպրոցում
30.11.2018
Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրինությունը և <Սոցիալ հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպությունը երաժշտական դպրոցի սաների և հասարակական կազմակերպության շահառուների ուժերով համերգ էին կազմակերպել, որին մասնակցում էին դպրոցի ուսուցիչները, շահառուների ծնողները և արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Համերգին ներկա էին նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի և հոգևոր դասի ներկայացուցիչներ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Մշակույթի նախարարության և <Արտկոնցեպտ>> միջազգային ասոցացիայի կողմից ս.թ. նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 3-ը Երևանում և ՀՀ մարզերում իրականացվող <Ձեռքդ տուր> մանկապատանեկան արվեստի 3-րդ ինտեգրատիվ հանրապետական փառատոնի շրջանակում: Եղեգնաձորի երաժշտական դպրոցը և <Սոցիալ հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպությունն իրենց համերգային ծրագրով նույնպես միանում են հանրապետական ինտեգրատիվ փառատոնին: Այն կայացավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի Ֆիլիպ Բալոյանի անվան համերգային դահլիճում:
Երաժշտական դպրոցի սաների կողմից ներկայացվեցին գործիքային կատարումներ, հնչեցին անհատական և երգչախմբային երգեր:
<Սոցիալ հոգեբանական կենտրոն> հասարակական կազմակերպության շահառուների մասին խոսեց ՀԿ նախագահ Խնկանուշ Մարկոսյանը, ով իր խոսքում ներկայացրեց շահառուների հետ տարվող աշխատանքների, նրանց հետ կատարված ուղևորությունների, աշխատանքային պայմանների մասին փոքրիկ տեղեկատվություն: Այնուհետև երխաները կատարեցին հայկական երգեր: Հանդիսատեսին մեծ ուրախություն պատճառեց նաև նրանց գերմաներեն լեզվով երգի կատարումը:
Համերգի վերջում սրտի խոսք ասացին Խաչիկի զորամասի հոգևոր սպասավոր, Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանը, <Գլաձորի համալսարան> պատմամշակութային արգելոց-թանգարանԻ տնօրեն Մելանյա Դովլաթյանը, ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի ՏՀԿ բաժնի պետ Սոնա Մարգարյանը: Միջոցառման ամփոփիչ խոսքով հանդես եկավ Եղեգնաձորի երաժշտական դպրոցի տնօրեն Արթուր Կարպետյանը:
Նշենք, որ փառատոնի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող երեխաների ստեղծագործական ներուժի բացահայտումն ու ժամանակակից աշխարհում նրանց լիարժեք ինտեգրումը, իսկ հայեցակարգային առանձնահատկությունն է` հաշմանդամություն ունեցող և չունեցող երեխաների ստեղծագործական միասնական աշխատանքների կազմակերպումը, համատեղ ստեղծագործական ծրագրերի միջոցով նրանց միավորումն ու հասարակության մեջ հանդուրժողականության մթնոլորտի ձևավորումը: