Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը հանդիպել է մարզի համայնքների երիտասարդ ներկայացուցիչների հետ
22.11.2018
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը նոյեմբերի 22-ին Մարզային երիտասարդական կենտրոնում հանդիպել է մարզի տարբեր համայնքների երիտասարդների հետ և ծանոթացել երիտասարդներին հուզող խնդիրներին: Բարձրաձայնված հարցերը վերաբերել են գյուղերի ոռոգման համակարգերի, լուսավորության անցկացման, ժամանցային վայրերի կառուցման, զբոսաշրջության խթանման, ԲՈՒՀ-երի վերաբացման խնդիրներին: Մի քանի երիտասարդներ ցանկություն են հայտնել մարզպետարանում պրակտիկա անցնելու վերաբերյալ և ստացել են մարզպետի համաձայնությունը: Տ. Սարգսյանը նշել է, որ առաջիկայում առանձին ծրագրեր կմշակվեն, որի շնորհիվ երիտասարդները կկարողանան պրակտիկ հմտություններ ձեռք բերել մարզպետարանի հմուտ աշխատակիցների մոտ:
Հանդիպման ժամանակ մարզպետը նշել է, որ իր գործունեության առանցքային ուղղություններից մեկը լինելու է երիտասարդության հետ սերտ համագործացությունը, քանզի երիտասարդությունը պետության շարժիչ ուժն է: Տ.Սարգսյանը նշել է, որ հենց երիտասարդների ուժերով են վեր հանվելու համայանքային խնդիրները և նախանշվելու այդ խնդիրների լուծման ճանապարհները:
Մարզպետը նշել է, որ երիտասարդների հետ հանդիպումները հաճախակի բնույթ են կրելու: Նա հույս է հայտնել, որ նմանատիպ հանդիպումների, քննարկումների արդյունքում բնակչության թվով ամենափոքր, սակայն բազմաթիվ խնդիրներով Վայոց ձորի մարզը կարողանալու է հաղթահարել բոլոր դժվարությունները և դառնալ հանրապետության առաջատար մարզերից մեկը:
Վերջում մարզպետ Տ. Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ՀԵՀ Վայոց ձորի գրասենյակին, հանդիպումը նախաձեռնելու համար: