Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Նանե Ասատրյանը մասնակցել է <Արենի գինու փառատոնի> 10-րդ միջոցառման բացմանը
06.10.2018
Այսօր տեղի ունեցավ <Արենի գինու փառատոնի> 10-րդ միջոցառումը, որը նվիրված է հայազգի լեգենդար զավակ, մեծանուն շանսոնյե, Շառլ Ազնավուրին:
Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյան: Համայնքապետը նշեց, որ հոկտեմբերի 6-ը Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է սգո օր և սգո օրվա տրամաբանությամբ չեղարկվել են փառատոնի նախապես հայտարարված մշակութային միջոցառումները, քանզի փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության հերոս, մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրին և ամբողջ օրվա ընթացքում հնչելու են միայն Մեծն Շանսոնյեի երգերը:
Ներկաներին ողջունեց ՀՀ Վայոց ձորի մարզպետի պաշտոնակատար Նանե Ասատրյանը, որն իր խոսքում մասնավորապես նշեց. <Հոկտեմբերի 1-ին մեզանից հեռացավ հայ մեծանուն բարերար, աշխարհահռչակ շանսոնյե, մեծատառով Մարդ Շառլ Ազնավուրը և այս տարի մեր միջոցառումը լինելու է խնկարկում առ երկինք՝ Շառլ Ազնավուրի հիշատակին, որին միանալու են նաև մեր օտարերկրյա հյուրերը:
Շառլ Ազնավուրը երևույթ է, նա մեզանից յուրաքանչյուրի համար յուրահատուկ մի հայրենիք է, որի արմատները Արևմտյան Հայաստանում է, բայց ընձյուղվել են դեպի Հայաստանի Հանրապետություն: Նա յուրահատուկ հայրենիք է, յուրահատուկ Կենաց ծառ, որի մեջ մեզանից յուրաքանչյուրը կարող է գտնել իրեն: Նրա մեջ յուրաքանչյուրը գտնում է իր բաժին հայրենիքը, իր բաժին բարերարությունը, որ սահման չունի : Շառլ Ազնավուրը յուրահատուկ բարերար էր, Տիեզերական Մարդ: Տիեզերական Մարդ, որ միավորում էր ազգեր և պետություններ: Նա յուրահատուկ դեսպան էր և շատ բարձր է այն նշաձողը , որ նա մեզ թողեց՝ թե ինչպես կարելի է սիրել հայրենիքը, անցնել ժամանակների միջով, քաղաքակրթությունների միջով, մշակութային կամուրջ դառնալ, թե ինչպես կարելի է այնպես անել որ, մի երկրում պետական մակարդակով ընդունեն քո ազգի վիշտը, պետական մակարդակով ընդունեն քո ազգի ուրախությունը, պետական մակարդակով հարգեն քեզ>: Մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարը շարունակեց լեգենդար շանսոնյեին ներկայացնող իր հուզիչ խոսքը, իսկ ելույթի վերջում կոչ արեց բուռն ծափերով ողջունել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, մեծանուն շամսոնյե, անմահ պոետ Շառլ Ազնավուրին:
Միջոցառմանը մասնակիցները Շառլ Ազնավուրի երգերի հնչյունների ներքո շրջում էին Արենիում, ծանոթանում միմյանց, համտեսում անուշահամ գինին և արենցու ստեղծած բերք ու բարիքը:
Իսկ կազմկոմիտեն կազմակերպում ու ամփոփում էր փառատոնի շրջանակում անցկացվող մրցույթները, որոնց արդյունքները կներկայացնենք ավելի ուշ:
Նշենք, որ ժամը 3-ին, 94 վրկ. լռության րոպեից հետո, Արենիի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց մեծանուն շանսոնյեի պայծառ հիշատակին նվիրված մոմավառություն: