Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի ուղերձը պաշտոնավարման 100 օրը լրանալու կապակցությամբ

04.10.2018

 Ողջույն, իմ շատ սիրելի վայոցձորցիներ, հոկտեմբերի 3 –ին լրանում է իմ՝ ՀՀ Վայոց ձորի փոխմարզպետի կարգավիճակում մեր երկրին ծառայելու 100 –րդ օրը:
Ես այսօր նախատեսել էի հրապարակային ներկայացնել իմ պատասխանատվության տակ գտնվող ոլորտների վերաբերյալ տեղեկատվություն ասուլիսի միջոցով, սակայն Նոր Հայաստանում <շաբաթները ուրբաթներից> շուտ են գալիս, նկատի ունեմ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած դեպքերի առթիվ մեր ժողովրդի կամարտահայտության դրսևորումն՝ իր հետևանքներով:
Առաջիկայում անպայման հանդես կգամ ասուլիսով՝ հրապարակային կերպով հաշվետու լինելով ՀՀ ժողովրդի և նաև ՀՀ Կառավարության առջև, կարևորելով հանրային թափանցիկ աշխատելակերպն ու հավատարիմ մնալով ժողովրդավարության սկզբունքներին:
Այսօր թույլ տվեք, հանդես գալ հակիրճ ուղերձով.
Սիրելի վայոցձորցիներ, խոնարհվելով ձեզանից յուրաքանչյուրի առջև ուզում եմ հիշեցնել, որ Նոր Հայաստանում <Նոր Տերեր> չկան: Տեղի է ունեցել իշխանափոխություն, և մեր երկրի ՏԵՐՆ այսուհետ Ժողովուրդն է, իրավաագիտակից, արժանապատիվ քաղաքացիներից բաղկացած հասարակությունը՝ ում համար օրենքը գերակա արժեք է:
Քաղաքականությունը պետության իմունիտետն է՝ դիմադրողականությունը, երբ այն խաթարվում է, գլուխ են բարձրացնում մի շարք հիվանդություններ:
Այդ <հիվանդություն>-հիմնախնդիրները լուծելու համար՝ <դիմադրողականությունն> է պետք բարձրացնել -պետք է մշակել և ամրագրել մարզի առանձնահատկություններն ընդգրկող քաղաքականություն՝ ժամանակն է, որ Կառավարությունը հենվի մարզային և տեղական կառույցների վրա իրապես, որ մարզից գնա հիմնավորված համակարգային պահանջարկ ըստ ոլորտի, պետք է առհասարակ հնչի քաղաքական միտք, իրականանան համակարգային փոփոխություններ՝ համահունչ ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությանը, որպեսզի մեր մարզն էլ որպես մեկ ամբողջական օրգանիզմի բաղկացուցիչ մաս կազդուրվի ու համահունչ զարգանա:
Վայոց ձորը թեև փոքր է, ոչ մեծ բնակչության թվաքանակով՝ մոտ 50 000, բայց այն կարևորագույն ռազմավարական նշանակություն ունեցող հատված է որպես Հարավային Հայաստանի՝ Սյունիքի և Արցախի կապող օղակ, Նախիջևանի հետ սահմանամերձ գոտի, էկոնոմիկայի,գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ ոլորտների զարգացման հարուստ ներուժ ունեցող, էթնոգրաֆիկ բազմաշերտ դիմապատկերով տարածք, որն ունի հոգատարության և հիմնախնդիրների լուծման իրեն բնորոշ կարիքներն ու մեխանիզմները:
Իրականում Հայաստանում չկան անկարևոր տարածքներ և հեղափողությունը չի կարող շրջանցել որևէ բնակավայր, այն մեզանից յուրաքանչյուրը ամեն օր հաստատում է իր մարզում, քաղաքում, գյուղում:
Դուք ինձ հաճախ եք հարցնում, թե ո՞վ է փոխելու իրավիճակը մարզում: Ես մեկ պատասխանում ունեմ.
Դուք՝ Ժողովուրդը, ձեզանից յուրաքանչյուրը՝ տանտիրոջ հոգատարությամբ ու պատասխանատվությամբ:
Սիրելիներս, հեշտ չէ միանգամից վերցանել տարիների հակաօրինական կարծրատիպերը, լուծել փակուղիներում հայտնված հիմնախնդիրները, սակայն վստահեցնում եմ, որ գալու է և արդեն իսկ եկել է ինչպես Հայաստանը, այդպես էլ Վայոց ձորը գրագետ ու սրտացավ համայնքապետերի, չքաղաքականացված դպրոցների, սոցիալական արդարության, բարեկարգ գյուղերի ու քաղաքների, պահպանված բնության, մարդու իրավունքների պաշտպանության կայացման, բռնության մերժման, արժանապատիվ քաղաքացու բնակության տարածք դարձնելու ժամանակը:
Մենք Հայստանում միակ մարզն ենք, որը չունի տեղական զանգվածային լրատվամիջոց, ինչը հանրությանը զրկում է հրապարակային հաղորդակցության մշակութային մի կարևոր շերտից՝ թեմաների, հիմնախնդիրների հրապարակային բարձրաձայնումից, ՏԻՄ և մարզային կառույցների հետ հրապարակային երկխոսություններից և այլն, ուստի առաջիկայում անպայման հանդես կգամ ասուլիսով՝ գոնե այս կերպ որոշոկիորեն վերականգնելով հանրության հետ հաղորդակցվելու, հրապարակային հաշվետու լինելու մշակույթը:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, ծառայում եմ Վայոց ձորին:
Միշտ ձեր՝ Նանե Ասատրյան/Բագրատունի

03.10.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 14:14:12