Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ համայնքում կազմակերպվեց ավանդական Գաթայի փառատոն միջոցառումը
24.09.2018
Սեպտեմբերի 22-ին ՀՀ Վայոց ձորի մարզի սահմանապահ Խաչիկ համայնքում անցկացվեց ավանդական <Գաթայի փառատոն> միջոցառումը: Միջոցառմանն Օրհնության կարգ կատարեց Վայոց ձորի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը:
Միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, ով մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արփիար Ղազարյանի ուղեկցությամբ այցելեց փառատոնի շրջանակում բացված Աղաստամուղ թանգարանի կողմից կազմակերպված ցուցահանդես: Ն. Ասատրյանը դրականորեն գնահատեց թանգարանի ցուցադրությունում ազգային կոլորիտի ապահովման, ինչպես նաև գյուղական մշակույթի պահպանման ու զարգացման նպատակով կատարված գործը:
Փառատոնին մասնակցում էին բազմաթիվ հյուրեր մայրաքաղաքից, Հայաստանի տարբեր մարզերից, սփյուռքից ,ԱՊՀ երկրներից:
Օրվա ընթացքում հյուրերը և բազմաթիվ զբոսաշրջիկներ ոչ միայն համտեսեցին անուշաբույր գաթան, Խաչիկի բերքն ու բարիքը, այլև մասնակցեցին կազմակերպվող խաղերին, վայելեցին հոգեպարար հայկական մեղեդիներ, պարային կատարումներ, հիացան ցուցադրված արվեստի և արհեստի գործերի, ձեռագործ աշխատանքների գեղեցկությամբ: Նշենք, որ այս տարի ավանդական գաթան ուներ 4 մետր տրամագիծ:
Մենք նույնպես հիանում ենք մարզի սահմանապահ գյուղի բնակչության արարելու ու ստեղծելու կամքով, հայրենի եզերքին ամուր կառչելու հաստատակամությամբ և խաչիկցիներին մաղթում ենք՝ անամպ արշալույսեր և խաղաղություն բերող մայրամուտներ: ՈՒ սիրով ասում ենք՝ հալալ է քեզ, Խաչի՛կ, պարով ու երգով, զուռնայի ու դհոլի նվագի ներքո վայելիր քո արարած բերք ու բարիքը և, թող Աստված միշտ պահապան լինի քո հերոս ժողովրդին: