Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի կապակցությամբ
20.09.2018
Սիրելի՛ հայրենակիցներ:
Շնորհավորում եմ բոլորիս սեպտեմբերի 21-ի՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:
1991 թվականի սեպտեմբերի 21-ը ոսկե տառերով է գրվել հայ ժողովրդի պատմության էջերում, քանզի այդ օրն այլևս իրականություն դարձավ անկախ պետականություն ունենալու մեր ժողովրդի դարավոր երազանքը:
27 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին, մեր ժողովուրդը աներկբա <Այո> ասաց անկախության հանրաքվեին և ի լուր մոլորակի այլ ժողովուրդների, պետությունների և միջազգային կառույցների, հաստատեց, որ վերստանձնում է սեփական երկրի ճակատագիրը տնօրինելու դժվարին, բայց պատվաբեր պատասխանատվությունը: Հայտարարեց, որ ընդունում է նախնիների ժառանգությունը, ստանձնում է ազգային խնդիրներին տեր լինելու և սերունդներին խաղաղ ու ապահով երկիր ժառանգելու պարտականությունը:
Սիրելինե՛րս, անկախացած մեր երկրի ու մեր սիրասուն զավակների ապագան ու անվտանգությունը, ապահովությունն ու բարեկեցությունը պայմանավորված է յուրաքանչյուրիս ներդրած ջանքերով: Իսկ այդ ամենին հասնելու համար մենք պարտավոր ենք ազգովի՝ Հայոց պետականության շուրջ համախմբված միասնակամությամբ կերտել մեր երազների երկիր Հայաստանի Հանրապետության պայծառ ապագան և սերունդներին փոխանցել խաղաղ, զորացող ու հզոր հայրենիք:
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին շնորհավորում եմ Անկախության տոնի կապակցությամբ և մաղթում մեր երկրին հարատև խաղաղություն, իսկ ժողովրդին՝ բարօրություն:
Կեցցե՛, Հայաստանի Հանրապետությունը։