Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Վայոց ձորի մարզպետի այցը Գլաձոր համայնք

24.08.2018

Օգոստոսի 23-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը Գլաձոր համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանի ուղկեցությամբ աշխատանքային այցելություն կատարեց Գլաձոր համայնքի Գլաձոր, Վերնաշեն և Գետափ բնակավայրեր՝ տեղում համայնքի խնդիրներին ծանոթանալու, բարձրացված հարցերը արձանագելու և լուծման հնարավոր ուղիներ գտնելու համար:
Հարկ է նշել, որ բոլոր երեք բնակվայրերում կայացած հանդիպումներն անցան անկաշկանդ, անմիջական, առողջ և կառուցողական քննարկումների մթնոլորտում:
Համայնքի ղեկավար Ա. Մովսիսյանը շնորհակալություն հայտնեց այցի համար՝ հուսալով, որ մարզպետարան և համայնքապետարան կապը այսուհետ ավելի սերտ, իսկ աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն:
Մարզի ղեկավարն իր խոսքում շեշտադրում կատարեց մարզում կոռուպցիոն դեպքերի բացառման և կոռուպցիան արմատախիլ անելու վրա:
Հանդիպումների ընթացքում բարձրաձայնված հարցերը բազմազան և բազմաթիվ էին՝ սկսած աշխատատեղերի ստեղծման կարիքից, վերջացրած դպրոցներում առկա խնդիրների քննարկմամբ:
Գլաձոր բնակավայրում բարձրաձայնվեցին մշակույթի տան, դպրոցի դահլիճի վերանորոգման խնդիրները, նշվեց, որ դպրոցին անհրաժեշտ է մարզական գույք:
Բնակիչները խոսեցին բնակավայրի գլխավոր ճանապարհի եզրով անցնող ոռոգման ջրի առուների կարգի բերման մասին: Ա. Սաղաթելյանն ասաց, որ այդ հարցը համայնքի ղեկավարի հետ համատեղ ուժերով կլուծվի:
Այնուհետև մարզպետ Ա. Սաղաթելյանն այցելեց Վերանաշեն բնակավայրում օրվա կարգավորիչ ջրամբարի հիմնանորոգման և տղմազտակայանի կառուցման շինհրապարակ` ծանոթանալու ընթացիկ աշխատանքներին:
Նշենք, որ շինարարությունն իրականացվում է սուբվենցիաների ծրագրերի շրջանակում՝ շուրջ 32 մլն դրամ նախագծային արժեքով, որի մեջ մտնում է նաև Վերնաշեն և Գլաձոր բնակավայրերի խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգումը:
Վերնաշենում կայացած հանդիպման ժամանակ բնակիչները նշեցին, որ գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու ժամանակ նրանք հանդիպում են մի շարք դժվարությունների: Առաջին և կարևորագույն խնդիրը ոռոգման ջրի հարցն է, գյուղում չկա կոմբայն, ունեն պարարտանյութի, վառելիքի խնդիր: Վառելիքի հետ կապված հարցի շուրջ ծավալված քննարկման ընթացքում պարզ դարձավ, որ բնակիչների կողմից հայտեր չեն ներկայացվել, հերթագրում չի եղել: Բնակիչները պատճառաբանեցին, որ տեղեկատվության պակաս է եղել, ինչին Վերնաշեն բնակավայրի վարչական ներկայացուցիչը պատասխանեց, որ տեղեկատվության պակաս չի եղել, Վերնաշենում փակցվել են համապատասխան հայտարարություններ, տեղեկատվություն է տարածվել նաև համայնքապետարանի ֆեսբուքյան էջում:
Հարց բարձրացվեց բնակավայրում ջրամբարի կառուցման անհրաժեշտության մասին, որից կարող են օգտվել ինչպես Վերնաշեն, այնպես էլ Գլաձոր բնակավայրը և Մալիշկայի համայնքը:
Բարձրացված բոլոր հարցերին մարզպետ Ա. Սաղաթելյանի կողմից տրվեցին հստակ պարզաբանումներ, իսկ որոշ խնդիրների հետ կապված, մասնավորապես ոռոգման ջրի և ջրամբարի կառուցման խնդրի, մարզպետը բնակիչներին հրավիրեց մարզպետարան հարցը ավելի խորքային քննարկելու համար:
Ա. Սաղաթելայնը հանդիպում ունեցավ նաև Գետափ բնակավայրի բնակիչների հետ:
Այտեղ քննարկվեցին գյուղամիջյան ճանապարհի ասֆալտապատման, գյուղում խաղահրապարակի կառուցման հետ կապված և մի շարք այլ հարցեր:
Ճանապարհի ասֆալտապատման հետ կապված համայնքի ղեկավար Ա. Մովսիսյանը նշեց, որ ծրագիրն իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ, վերանորոգվելու է 2կմ 776մ երկարությամբ ճանապարհահատված: Ա. Մովսիսյանը նշեց, որ ասֆալտապատման աշխատանքները կիրականցվեն մինչև այս տարվա ավարտը:
Բնակիչների մտահոգող հարցերի շարքում էր Գետափի բնակիչ Գրիգոր Արամյանի կողմից անասնագոմ կառուցելու խնդիրը:
Բանն այն է, ինչպես նշում են բնակիչները, 1,5 հա հողատարածքը, որի սեփականատերն է Գ. Արամյանը և որտեղ նա առանց շին.թույլտվության անասնագոմ է կառուցում և մոտ 1000 գլուխ ոչխար է բուծում, մոտ է գտնվում մյուս բնակիչների հողատարածքներին, որտեղ մշակվում է ցորեն, բանջարաբոստանային մշակաբույսեր և այլ կերակրաբույսեր: Ըստ բնակիչների ոչխարները մեկ անգամ չէ, որ վնաս են հասցնում բնակիչներին: Մարզպետ Ա.Սաղաթելյանը նշեց, որ հարցին վերջնական լուծում տալու համար, հարկավոր է լսել երկու կողմերին, իսկ լուծումները պետք է տրվեն բացառապես օրենքի սահմաններում՝ վնաս չհասցնելով մարզում զարգացող գյուղատնտեսությանը: Առաջիկայում հանդիպում կկազմակերպվի Գ. Արամյանի հետ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53