Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալը Վայոց ձորի մարզում էր
22.08.2018
Օգոստոսի 21-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը հանդիպում ունեցավ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանի և նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Լիլյա Նիկոյանի հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանը:
Նազենի Ղարիբյանը նշեց, որ այցը կազմակերպվել է Հայաստանում երաժշտական և արվեստի դպրոցների խնդիրներին և հետագա աշխատանքային նախագծերին ծանոթանալու Մշակույթի նախարարության ծրագրի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում մշակութային կյանքը ակտիվացնելու հետ կապված մի շարք հարցեր:
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Աղասի Հովհաննիսյանի ուղեկցությամբ նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանն այցելեց Եղեգնաձորի մանկական երաժշտական դպորց, որտեղ միացյալ հանդիպում կազմակերպվեց Եղեգնաձորի երաժշտական դպրոցի և Աղավնաձորի արվեստի դպրոցի ուսուցչական կազմերի հետ: Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվեցին դպրոցներում առկա խնդիրները, խոսվեց որոշ երաժշտական գործիքների պակասի և կարիքի մասին:
Աշխատանքային խմբի հաջորդ կանգառները Վայքի և Ջերմուկի արվեստի և երաժշտական դպրոցներն էին: Հանդիպումների ընթացքում Նազենի Ղարիբյանը ծանոթացավ նաև մշակութային օջախների շենքային պայմաններին:
Ինչպես Եղեգնաձորում, այնպես էլ նշված 2 համայնքներում հանդիպումներ կազմակերպվեցին դպրոցների ուսուցչական կազմերի հետ, խոսվեց առկա հիմնախնդիրների, հետագա ծրագրերի և նախագծերի շուրջ: