Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

<<Սերսի խենթը>>

20.08.2018

Օգոստոսի 18-ին ՀՀ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի, մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանի և Զառիթափ խոշորոցված համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանի ուկեցությամբ այցելեց Զառիթափ համայնքի Սերս բնակավայր: Առիթը առավել քան հուզիչ ու կարևոր էր: Աշխատանքային խումբն այցելեց <<Սերսի խենթ>>-ին:
Վահրամ Միքայելյան կամ <<Սերսի Խենթ>> տաղանդավոր նկարիչը, ծնվել է Սերս գյուղում, սովորել է Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: Ուսումնառության տարիներին, այնուհետև Վայք քաղաքում գտնվող իր արվեստանոցում, մինչև 1992 թվականը, նրա վրձնի հարվածներից ծնվել են բազմաթիվ գլուխգործոցներ: 1992թ.-ին, Արցախյան հերոսամարտի տարիներին, Վայքի կամավորական ջոկատի հետ Վահրամը մեկնում է Լաչին և ինքնապաշտպանական մարտերի ընթացքում ծանր վիրավորվում: Վնասվում է Վահրամի աջ ձեռքը և նա այլևս չի կարողանում վրձին վերցնել և ստեղծագործել: Սա է պատճառը, որ զրկվելով ստեղծագործելու ունակությունից, Վահրամ Միքայելյան տաղանդավոր մարդը մեկուսացել է հասարակությունից և գրեթե չի խոսում, խոսելիս էլ՝ միայն հարազատների հետ:
ՀՀ մշակույթի նախարար Լ. Մակունցը, արժևորելով և կարևորելով Վահրամի աշխատանքները, ասաց, որ առաջիկայում կկազմակերպվի <<Սերսի խենթ>>-ի նկարների ցուցահանդես Երևանում: Իսկ մինչ այդ, մոտ օրերս, կկազմակերպվի ցուցահանդես Եղեգնաձորի պատկերասրահում:
Նշենք, որ դեռևս 2016 թվականին Երևանում կազմակերպվել է Վահրամ Միքայելյանի նկարների ցուցահանդես:
Վահրամի հետ տեղի ունեցած հանդիպման տպավորություններն անկարագրելի են: Երբ փորձում էինք զրուցել նրա հետ, նա մերթ ժպտում էր, մերթ հոնքերն են կիտում, հետո հարցրեց. <<Սուրճ կխմե՞ք>>: Երբ նախարար Լ. Մակունցը փորձեց ճշտել, թե ինչպես կուզենա վերնագրել իր ցուցահանդեսը, նրա դեմքը պայծառացավ, սակայն ոչինչ չպատասխանեց: Մենք էլ ենթադրեցին, որ մտածելու ժամանակ խնդրեց:
Վահրամի տան բանկում հարազատների կողմից գյուղական ջերմ մնթնոլորտում կազմակերպված հյուրասիրությունը, որին մեր և հարազատների հորդորից հետո եկավ և մասնակցեց քչախոս Վահրամը, ապացույցն է այն իրողության, որ Վահրամ Միքայելյանին օդի պես հարկավոր է մեր բոլորիս ջերմ ու հոգատար ներկայությունը:
Վայք քաղաքում մինչ օրս կա և հարազատների ու սրտացավ մարդկանց շնորհիվ պահպանվում է Վահրամի արվեստանոցը: ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի աջակցությամբ արվեստանոցում կիրականցվեն շինարարական և մի շարք այլ աշխատանքներ՝ նկարները պատշաճ ձևով պահպանելու համար:
Հուսով ենք, որ մի օր Վահրամն իր արվեստանոցում, ինչպես ականատեսներն են պատմում, ոչ միայն կստեղծագործի, այլ իր աշակերտներին կսովորեցնի, թե ինչպես է պետք հոգի ու կյանք դնել յուրաքանչյուր կտավում: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 15:22:01