Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց Արենի համայնքի Չիվա և Ելփին բնակավայրեր
07.08.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանն այցելեց Արենի համայնքի Չիվա և Ելփին բնակավայրեր, ծանոթանալու գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին, ոռոգման ջրի մատակարարման խնդիրներին: Մարզպետին ուղեկցում էր Եղեգնաձորի ՋՕԸ-ի տնօրեն Հազարապետ Նազարյանը:
Չիվա համայնքում նրանց դիմավորեց բնակավայրի վարչական պատասխանատու Նաիրի Սարգսյանը: Բնակիչների հետ հանդիպման ընթացքում կրկին բարձրացվեց Չիվայի վարչական տարածքում գտնվող արոտավայր հանդիսացող հողատարածքի օտարման հարցը: Բնակիչները միանշանակ դեմ արտահայտվեցին օտարմանը, նշելով, որ գյուղում անասնապահությամբ զբաղվող տնտեսությունները չեն կարողանում լուծել անասունների արոտի հարցերը: Գյուղացիները նշեցին, որ խնդրի լուծման նպատակով պատրաստվում են բողոքի ակցիաներ անցկացնել: Մարզպետ Ա. Սաղաթելյանը հորդորեց՝ չդիմել բողոքի որևէ ձևի, այլ նամակ ուղարկել պատկան մարմիններին (որոնք իրավասու են քննելու նշված հարցի լուծման տարբերակները) և սպասել հարցի լուծման ընթացքին: Քննարկվեց նաև ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հարցեր: Նշվեց ուսուցիչների ցածր աշխատավարձի մասին:
Ելփինում բնակիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվեց և՛ խմելու, և՛ ոռոգելի ջրերի սակավության ու մատակարարման հարցերը:
Որոշվեց, փոքր ծրագրերով առաջնահերթորեն վերանորոգել խողովակաշարերը, ինչպես նաև ուսումնասիրել Ելփինի հանդամասերի ջրաղբյուրների ջրի քանակն ու այն նույնպես փոքր ծրագրերի իրականացման միջոցով ներառել խմելու ջրագծերի ցանց:
Ելփինցիներն առաջարկեցին, հնարավորության դեպքում՝ գյուղից վերև ջրամբարի կառուցման ծրագրի իրականացում, որն ամբողջությամբ կլուծի բնակավայրի մշակովի տարածքների ոռոգման խնդիրը:
Նշենք, որ համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանն առողջական խնդիրների պատճառով ներկա չի եղել հանդիպումներին: