Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցներն այցելեցին ազատամարտիկ Արսեն Աղաբեկյանին
01.08.2018
ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, ազատամարտիկ Արսեն Բաբկենի Աղաբեկյանը նամակով դիմել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նկարագրելով դժվար պայմաններում գտնվող իր ընտանիքի վիճակը:
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանի հանձնարարությամբ մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Վարդանյանը և զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Վանիկ Խուդավերդյանն այցելեցին Արսեն Աղաբեկյանին:
Իրապես Արսեն Բաբկենի Աղաբեկյանն ապրում է Եղեգնաձոր քաղաքի Իսակովի փողոցի 43 տանը, վարձակալական հիմունքներով: Ինչպես նկարագրել էր նամակում՝ 2 որդիներից մեկն այս պահին ծառայում է Հայոց բանակում, մյուսը մանկուց հաշմանդամություն ունի: Տան պայմանները բավարար լինելուց հեռու էր: Արսեն Աղաբեկյանը խնդրում էր միջնորդել, որ համայնքից իրեն տնամերձ հողամաս տրամադրեն, որպեսզի հողակտոր ունենա մշակելու, իսկ տղայի վերադարձից հետո համատեղ ուժերով կարողանան փոքրիկ տուն կառուցել, սեփական տանիք ունենալ:
Արսեն Աղաբեկյանը նշեց, որ Արցախյան ազատամարտի տարիներին կանտուզիա է ստացել: Սակայն այդ փաստն ապացուցող փաստաթղթեր չունի: Խորհուրդ տրվեց (մարզպետի կողմից ֆինանսական օժանդակության պայմանով) ենթարկվել բուժզննման և հավաքագրել հիվանդության վերաբերյալ փաստաթղթերը ու օրենքով սահմանված կարգով ստանալ հաշմանդամության կարգ: