Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Եղեգիս համայնքում բացվել է <Արևի> հյուրանոցը
31.07.2018
Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքում բացվել է հետաքրքիր և շինարարական նորարական լուծումներով կառուցված <Արևի>հյուրանոցը: Հյուրանոցը կառուցվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող <Գյուղի զարգացման ԱՐԴԻ նախաձեռնություն> ծրագրի կողմից, ինչպես նաև <Ֆուլեր տնաշինական կենտրոնի> և <Հեյֆեր Ինթերնեյշնլ> կազմակերպության աջակցությամբ: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը և մարզպետի օգնական Սյուզան Մարգարյանը:
Շինարարական նորարական լուծումներով նախագծի հեղինակ Գևորգ Գասպարյանից տեղեկացանք, որ <Արևին> Հայաստանում առաջին բեռնակիր արկղերից (կոնտեյներ) կառուցված հյուրանոցն է: Այս նախագծի հիմքում ընկած է բեռնատար արկղերի վերաօգտագործման գաղափարը (recycling): Գևորգ Գասպարյանն ավելացրեց, որ այս նախագիծը ստեղծելիս օրինակի և ոգեշնչման աղբյուր են եղել տարբեր արտասահմանյան նախաձեռնությունները:
Հյուրանոցի ներքին հարդարման աշխատանքներում հետաքրքիր ձևով համադրված են շինարակական և դիզայներական ժամանակակից և դասական ոճերը: Հյուրանոցը կառուցվել է էկոլոգիապես մաքուր նյութերից. օգտագործվել են տուֆի մի քանի տեսակներ, իսկ ներքին հարդարման ժամանակ՝ փայտ, երկաթ, ապակի:
Հյուրանոցն ունի 10 հարմարավետ համարներ, դեպի Եղեգիսի կիրճը բացվող հրաշալի հարթակ և տեսարան, ինչը զբոսաշրջիկների համար կրկնակի գրավչություն կարող է հանդիսանալ:
<<Արևի>>հյուրանոցը հիանալի կանգառ և հանգստի վայր կարող է դառնալ յուրաքանչյուր զբոսաշրջիկի համար: Սա Վայոց ձորի զբոսաշրջության ոլորտում ենթակառուցվածքների զարգացման առումով լավ խթան կհանդիսանա: Վայոց ձորը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, բնական տեսության վայրերով, քարանձավներով, բուսական և կենդանական աշխարհի բազմազանությամբ, էկոլոգիապես մաքուր գյուղատնտեսական մթերքներով: Այս ամենը Վայոց ձորը դարձրել է զբոսաշրջության համար գրավիչ տարվա չորս եղանակների համար: Այստեղ զբոսաշրջիկը կարող է զբաղվել արկածային, էկո, բնապահպանական զբոսաշրջությամբ և զբոսաշրջային այլ ուղղություններով: Իսկ <<Արևի>> հյուրանոցը հրաշալի և հյուրընկալ կանգառ կհանդիսանա արտերկրյա զբոսաշրջիկների և իր երկրի բնության սիրահար յուրաքանչյուր հայաստանցու համար: