Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Սուրեն Պապիկյանն Արխանգելսկի մարզի նահանգապետի հետ քննարկել է երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված հարցեր

20.06.2018

 Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հյուրընկալել է ՌԴ Արխանգելսկի մարզի նահանգապետ Իգոր Օռլովի գլխավորած պատվիրակությանը։

Ջերմորեն ողջունելով հյուրերին՝ նախարար Պապիկյանն ընդգծել է, որ հայ-ռուսական հարաբերությունների 100-ամյակների պատմությունը համագործակցության նոր որակի և հեռանկարների հնարավորություն է ստեղծում։ <Հայաստանն այսօր նոր որակի հարաբերություններ հաստատելու հնարավորություն է ստացել, և մեր գործընկերային-դաշնակցային հարաբերությունները պետք է ամրապնդվեն ու խորանան, ինչը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից>,-ասել նախարարը։

Իգոր Օռլովը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար և նշել, որ Վայոց ձորի և Արխանգելսկի մարզերի միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված երկարամյա, ջերմ և ընկերական հարաբերությունները նմանօրինակ հանդիպումներից հետո զարգացման նոր ձևաչափեր, ծրագրեր և լուծումներ են ստանում։ Իգոր Օռլովը հայտնել է, որ վերջին հինգ տարիներին երկու մարզերի միջև առևտրաշրջանառության ծավալները աճել են մոտ հինգ անգամ և լրացրել, որ <Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն> ոչ առևտրային կազմակերպությունը հնարավորություն է ստեղծում հայկական սփյուռքի գործուն ներգրավվածությամբ բացահայտել գործարար և առևտրային կապերի զարգացման համար հեռանկարային նոր հնարավորություններ։

Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ Հայաստանի նոր կառավարությունը կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը հայ-ռուսական հարաբերությունների սերտացման և առկա ներուժի լիարժեք ու ամբողջական դրսևորման համար։ Կարևորելով զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնումը՝ նախարարը միաժամանակ տեսակետ է հայտնել, որ ռուս զբոսաշրջիկների համար Հայաստանը դեռևս ամբողջությամբ բացահայտված չէ և այս հարցում հայկական համայնքը պետք է համակարգված և ակտիվ աշխատանք կատարի։

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են մշակույթի, տնտեսության, զբողաշրջության, ավիացիոն հաղորդակցության պարզեցման ոլորտներում համագործակցության խորացմանն ուղղված մի շարք հարցեր և համոզմունք հայտնել, որ երկու երկրների միջև փոխգործակցությունը ունի դեռևս չբացահայտված հնարավորությունների շերտեր, որոնք անհրաժեշտ է կյանքի կոչել։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը:

Աղբյուրը՝ mtad.am, 20.06.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 15:43:08