Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ես ապագա զինվոր եմ

18.05.2018

Բանակը հասարակության մի մասն է, և որքան այդ հասարակության մտածողությունը սթափ և առողջ է, այնքան արժևորված է բանակի դերը, այնքան հպարտություն է հայ երիտասարդի համար երկրի պաշտպանի կոչումն ու առաքելությունը: Ավագ սերնդի փորձն ու գիտելիքները, անցած ուղուց քաղած դասերը ևս հայ զինվորին փոխանցելն ու նրա մարտական ոգին էլ ավելի ամրացնելը, մեզանից շատերի պարտականությունն է և դա մենք պետք է կատարենք՝ նպատակ ունենալով հայրենիքը ընդունել որպես գերագույն արժեք:
Ապրիլի 1-ից մեկնարկել է ,,Ես ապագա զինվոր եմ,, ծրագիրը, որն իրականացնում է ,,Վայոց ձոր մարզի երիտասարդկան կենտրոն,, հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Ծրագիրը նպատակ ունի հաղորդակից դարձնել նախազորակոչային տարիքի երիտասարդներին զինվորական կյանքին, առօրյային, դժվարություններին ու հնարավորություններին: Նպատակ ունի նպաստել զինվոր-երիտասարդ, զինվոր-հասարակություն կապի ստեղծմանը և ամրապնդմանը:
Ծրագրի շրջանակներում ապրիլի 20-ին կենտրոնը հյուրընկալել էր Վայքի զորամասի 12 զինվորների և Եղեգնաձորի, Վայքի և Ազատեկի նախազորակոչային տարիքի 12 տղաների: Զինվորները կիսվեցին իրենց տպավորություններով կենտրոնի կամավորների և երիտասարդների հետ: Հանդիպման ընթացքում կատարվեց վիճակահանություն, որի արդյունքում որոշվեցին ,,Մեկ օր զինվորի հետ,, ծրագրի սպորտային խաղերի մասնակից զույգերը՝ մեկ զինվորի կցվեց մեկ նախազորակոչային տարիքի երիտասարդ:
Մայիսի 16-ին ծրագրի աշխատակազմը արդեն զորամասում էր 12 երիտասարդների և համերգային ծրագրի մասնակիցների հետ: Սպորտային խաղերի մասնակիցները այցելեցին հրաձգարան, որտեղ գնդապետ Մանուչարյանը սիրով բացատրեց, թե ինչպես պետք է մասնակիցները կատարեն հրաձգային վարժությունը, ինչպես նաև մարտավարության տեսակները և անվտանգության կանոնները: Հրաձգարանում անցկացվեցին հրաձգության և նռնակի նետման մրցույթները:
Հրաձգարանից ծրագրի մասնակիցները ուղևորվեցին Վայքի զորամաս, որտեղ ճաշեցին զինվորների հետ և շարունակեցին մրցույթները: Զորամասում անցկացվեցին ,,Վազք 60 մ,,, ,Ձգում պտտաձողի վրա>, ,,Ավտոմատի ոչ լրիվ քանդում-հավաքում,, և ,,Արգելքների հաղթահարում ուղտանման վարժասարքի վրա,, մրցույթները: Պետք է նշել, որ և´ աշակերտները, և´ զինվորները շատ ոգևորված էին, և յուրաքանչյուր զույգ անում էր առավելագույնը լավագույն արդյունքի հասնելու համար: Բոլոր մրցույթների միավորների ամփոփման արդյունքում որոշվեցին լավագույն երեք զույգերը, ովքեր էլ տոնական համերգի ժամանակ պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով: Բոլոր 12 զինվորների համար Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոնը պատրաստել էր նվերներ:
Համերգային ծրագիրը, որին մասնակցում էին Եղեգնաձորի, Վայքի, Ազատեկի ավագ դպրոցների շնորհալի աշակերտները, մարզի հայտնի երգիչներ, պարային խմբեր, Եղեգնաձորի Երաժշտական դպրոցի սաները, մեծ բավականություն պարգևեց զինվորներին՝ նրանց մի պահ կտրելով իրենց զինվորական առօրյայից: Ծրագրի հաջորդ կանգառը Խաչիկի զորմասում է, որտեղ զինվորների համար նույնպես սպասվում է գեղեցիկ համերգային ծրագիր:
Այսօր շատ կարևոր է երիտասարդի ռազմա-հայրենասիրական դաստիրակությունը, ինչպես նաև զինվոր-երիտասարդ կապի ստեղծումը և ամրապնդումը: Հուսանք, որ Վայոց ձոր մարզի երիտասարդկան կենտրոն ՀԿ-ն ,,Ես ապագա զինվոր եմ,, ծրագրի միջոցով ինչ-որ չափով կարողացավ իրականացնել այդ առաքելությունը: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-14 18:04:08