Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ
15.05.2018
Սիրելի հայրենակիցնե՛ր:
Ջերմորեն շնորհավորում եմ Վայոց ձորի ողջ ազգաբնակչությանը, Ընտանիքի միջազգային օրվա կապակցությամբ:
Ընտանիքը հայ ժողովրդի համար սրբության սրբոց է, ազգային արժեհամակարգի պահպանման և անհատի ձևավորման յուրահատուկ դարբնոց: Ընտանիքը տուն է ու օջախ, որի ամրությունը պայմանավորված է օջախում տիրող սիրով ու միմյանց նկատմամբ տածած ուշադրությամբ ու հոգատարությամբ:
Յուրաքանչյուր երկիր հզոր է ամուր ու կայացած ընտանիքներով, քանզի ընտանիքն է հանդիսանում հասարակության ձևավորման բջիջը և դարերի ընթացքում ձևավորված ավանդույթները, ազգային ու համամարդկային կարևորագույն արժեքները սերունդներին փոխանցելու հասարակական օղակը: Աներկբա է, որ ամուր ընտանիքը ամուր պետականություն ունենալու ամենահիմնական պայմանն է, որովհետև ընտանեկան միջավայրով է պայմանավորված անհատի դաստիարակությունը: Իսկ դաստիարակությունն անհատի քաղաքացիական մտածողության հիմքն է:
Քաղաքացիական հասարակության ձևավորումը պայմանավորված է հենց անհատների հանրային մտածողությամբ: Եվ որքան ամուր են ընտանիքի հիմքերը, նույն չափով ամուր է տվյալ պետականությունը: Երիցս ճշմարիտ են հայ մեծ վիպասան Մուրացանի խոսքերը՝ զորավոր է այն ազգը, որն ունի զորավոր ընտանիքներ: Զորություն ու ամրություն ձեր ընտանիքներին:
Մաղթում եմ բոլորիդ՝ ձեր ընտանիքում երջանկություն վայելելու քաղցր զգացողություն, հանրագումարում՝ երջանիկ կենսակերպով հասարակություն: Համոզված եմ, որ միայն երջանիկ հասարակությամբ մենք կարող ենք կերտել մեր երկրի լուսավոր ապագան, ստեղծել զարգացող տնտեսություն, պաշտպանել մեր երկրի սահմաններն ու ապահովել հարատև խաղաղություն:
Թանկագին բարեկամնե՛ր, կրկին շնորհավորում եմ այս անկրկնելի տոնի կապակցությամբ: Բոլորիդ ընտանիքներին մաղթում եմ համերաշխություն, բարեկեցություն և Աստվածային լույս:
Ապրեցե՛ք խաղաղությամբ ու Աստծո օրհնությամբ: