Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Անցկացվեց գործակարգավարական հերթական խորհրդակցությունը
26.04.2018
Այսօր ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցավ գործակարգավարական հերթական խորհրդակցությունը:
Մարզի ղեկավարը նշեց, որ ստեղծված ներքաղաքական իրավիճակի և ծավալվող դեպքերի պարագայում հարկավոր է պահպանել քաղաքական չեզոքություն՝ շարունակելով աշխատել բնականոն ռիթմով,լինել հանդուրժող ու բարեկիրթ:
Հ. Սարգսյանը հույս հայտնեց, որ առաջիկայում ներքաղաքական լարվածությունը կթուլանա, քանի որ մայիսի 1-ին նախատեսված է ՀՀ Ազգային ժողովի նիստը, որը կտա շատ հարցերի պատասխաններ:
Խորհրդակցության ժամանակ անդրադարձ կատարվեց մարզում ընթացող գարնանացան աշխատանքներին՝ պարբերաբար տեղեկատվություն տրամադրելով մարզի ղեկավարին: Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետին հանձնարարվեց զբաղվել դիզվառելիքի, պարարտանյութի և սերմացուի ներկման և բաշխման հարցերով:
Մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության պետին հանձնարարավեց հետևել աղբահանության վերաբերյալ պայմանագրերի կնքմանը համայնքներում, աշխատանքներն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետում:
Մարզպետի խորհրդականը զեկուցեց, որ, ելնելով Հայաստանում տիրող ներքաղակական իրավիճակից, ՌԴ Արխանգելսկի մարզի և Ֆրանսիայի Հանրապետության Բանդոլ քաղաքի գործընկերների հետաձգվել են պաշտոնական պատվիրակությունների այցերը Վայոց ձորի մարզ:
Մարզպետ Հ. Սարգսյանը աշխատակազմի ֆին. և սոց. տնտ. զարգացման վարչության պետին հանձնարարեց հետևել ինչպես համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը, այնպես էլ իրականացվող ծախսերին, կատարել դրանց ամենօրյա վերլուծություն:
Խորհրդակցության ընթացքում մարզպետ Հ. Սարգսյանը ստորաբաժանումների ղեկավարներին համապատասխան հանձնարարություններ տվեց՝ ուղղված նրանց կողմից համակարգվող ոլորտների խնդիրների լուծմանը: