Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համագործակցության նոր փուլ և նոր հեռանկարներ

10.04.2018

Ապրիլի 9-ին Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում ՌԴ Արխանգելսկի մարզի և ՀՀ Վայոց ձորի մարզի միջև ստորագրվեցին միանգամից երկու համաձայնագրեր:
Առաջին համաձայնագրով սկիզբ դրվեց Արխանգելսկ և Ջերմուկ քաղաքների միջև համագործակցության հաստատման: Համաձայնագիրը ստորագրվեց Արխանգելսի քաղաքապետ Իգոր Գոդզիշի և Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի կողմից:
Երկրորդ փաստաթուղթը վերաբերում է ,,Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն,, ոչ առևտրային կազմակերպության ստեղծմանը: Երկրորդ փաստաթուղթը ստորագրեցին Վարդան Հովհաննիսյանը, Արխանգելսկի մարզի զարգացման կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Կովալյովը և Արխանգելսկի ,,Ռուսաստանի հայերի միության,, ղեկավար Մամիկոն Գեկչյանը:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՀ Վայոց ձորի մարզպետի խորհրդական Վասիլ Ասլանյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը և ,,Պրոլայթինգ,,ԲԲԸ-ի գործադիր տնօրեն Ռուբեն Տոնիկյանը:
Համաձայնագրերի ստորագրման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՌԴ Արխանգելսկի մարզպետ Իգոր Օրլովը, Արխանգելսկի մարզային և քաղաքային իշխանությունների, Արխանգելսկի մարզի զարգացման կորպորացիայի, ինչպես նաև Արխանգելսկ քաղաքում ՌԴ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: 
Արխանգելսկի մարզպետ Ի. Օրլովը նշեց, որ Վայոց ձորի մարզի հետ համագործակցությունն այժմ գտնվում է նոր հարթության վրա: Արխանգելսկը և Վայոց ձորը առաջինններից էին Ռուսաստանի և Հայաստանի մարզերից, որ 2012 թվականին սկիզբ դրեցին երկկողմանի համագործակցությանը, իսկ հիմա սկսում է զարգանալ նաև համագործակցությունը քաղաքների միջև:
,,Սա պատմական նշանակության իրադարձություն է, որը կնպաստի ռուս-հայկական հարաբերությունների ամրապնդմանը և կդառնա օրինակելի փորձ տարածաշրջանային համագործակցության>>,-նշեց Ի. Օրլովը:
,,Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի համագործակցության միություն,, ոչ առևտրային կազմակերպությունը գործարար և առևտրային կապերի զարգացման համար նոր հեռանկարային հնարավորությունների հիմք կհանդիսանա, կմեծանա առևտրաշրջանառությունը Արխանգելսկի և Հայաստանի միջև: Այս նախաձեռնության իրագործման հարցում մեծ է Արխանգելսկի ,,Ռուսաստանի հայերի միության,, դերը:
Արխանգելսկի մարզի ղեկավարի խոսքով այս միության գործունեության առաջին ծրագրերից կլինեն Արխանգելսկի և Հայաստանի առևտրային ներկայացուցչությունների ստեղծումը: Միության վերահսկիչ խորհրդի կազմում ընդգրկված կլինեն Արխանգելսկի և Վայոց ձորի մարզպետները: Վերահսկիչ խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ կհստակեցվեն համագործակցության ռազմավարական ուղությունները, կկայանա 2018 թվականի մայիս ամսին Հայաստանում:
Ինչպես տեղեկացրեց Արխանգելսկի մարզի զարգացման կորպորացիայի տնօրեն Ալեքսեյ Կովալյովը, Արխանգելսկը հայկական կողմին կարող է մատակարարել փայտամշակման,ցելյուլոզայի և թղթի արդյունաբերական արտադրանք, իսկ Հայաստանը հնարավորություն կունենա արտահանել միրգ, չրեր, հյութեր, հանքային ջուր, տեղի ոգելիչ խմիչքների արտադրանք:
Համագործակցության հեռանկարային ուղություններից մեկը կարող է դառնալ Արխանգելսկի բնակիչների կողմից Ջերմուկ առողջարանային քաղաքի այցելությունները:
Ջերմուկ առողջարանային քաղաքը գտնվում է ծովի մակարդակից 2100 մետր բարձրության վրա և հայտնի է իր առողջարաններով և յուրահատուկ հանքային աղբյուրներով, որոնց բաղադրությունը և բուժիչ հատկությունները չեն զիջում Կարլովի Վարի հանքային ջրերին:
,,Մենք երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում ենք իրավիճակը, թե ինչ հետաքրքրություններ կան Ջերմուկում, իսկ հայկական կողմն իր ուսումնասիրություններն ու հետազոտություններ էին իրականանացնում մեր մարզի և մեր քաղաքի հետ կապված: Այսօր բացվում են լայն հնարավորություններ մշակութային և առողջարանային համագործակցության, փորձի փոխանակման և փոխադարձ այցերի համար, այդ թվում նաև մանկական: Ջերմուկը պատմական վայր է, առողջության պահպանման և բուժման գերազանց հնարավորություններով: Կարծում եմ, որ Արխանգելսկի բնակիչներին դուր կգա Ջերմուկը>>,-ասաց Արխանգելսկի քաղաքապետ Իգոր Գոդզիշը:
,,Մենք ամրապնդում ենք մեր բարեկամությունը և եղբայրական հարաբերությունները ի նպաստ մեր երկրների առաջընթացի: Այս երկու փաստաթղթերի ստորագրմամբ մենք խթանում ենք առևտրատնտեսական հարաբերությունների և համագործակցության հետագա զարգացումը>>,-նշեց Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ Արխանգելսկ և Վայոց ձոր մարզերի միջև միջտարածաշրջանային գործակցություն հաստատվեց, երբ երկու մարզերի իշխանությունների կողմից 2012 թվականին ստորագրվեց համաձայնագիր առևտատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին: 2015 թվականին այդ համաձայնագիրն ամրագրվեց գործողությունների ծրագրի ստորագրմամբ:
Երկկողմ հարաբերությունների և համագործակցության ամրապնդման նպատակով Արխանգելսկի և Վայոց ձորի մարզերի ներկայացուցիչները ներկա են գտնվել ռուս-հայկական համատեղ ու նշանակալից իրադարձությունների և միջոցառումների: Արխանգելսկում տեղադրվել է հայկական խաչքար, իսկ Վայոց ձորի Մալիշկա համայնքում` ուղափառ խաչ:
Մշակութային և կրթական համագործակցության ակտիվացման նպատակով Արխանգելսկի մարզի Սեվերոդվինսկ քաղաքի մանկատան երեխաներն իրենց հանգիստն անցկացրել են Ջերմուկ քաղաքում, իսկ Մալիշկա համայնքի աշակերտներն այցելել են Արխանգելս քաղաք:
.
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:04:53