Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Դավիթ Լոքյանն աշխատանքային այցով Վայոց ձորում էր
09.04.2018
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ապրիլի 7-ին Վայոց ձոր կատարած աշխատանքային այցի շրջանակներում եղել է մի շարք համայնքներում, հանդիպել համայնքների ղեկավարների և բնակիչների հետ:
Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Աշոտ Կիրակոսյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ Դ. Լոքյանը այցելել է Շատին, Արենի և Գլաձոր համայնքներ:
Շատինի համայնքապետարանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են բազմաթիվ հարցեր. համայնքային եկամուտներ և բյուջեներ, համայնքապետարանի աշխատակազմի հաստիքացուցակների և աշխատավարձի չափ, համայնքային հողեր, սուբվենցիաների տրամադրում և այլն: Շատինում նախարարը նաև ծանոթացել է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից համայնքում կառուցվող համայնքային կենտրոնի ծրագրին, ինչպես նաև հանդիպել բնակիչների հետ: Հանդիպման ընթացքում նախարարը մի շարք առաջարկներ և հանձնարարականներ է տվել համայնքի ղեկավարին`կարևորել ով համայնքի բնակիչների հետ բացատրական աշխատանքը:
Արենի համայնքում նույնպես քննարկվել են համայնքների խոշորացումից հետո համայնքապետարանի գործունեության արդյունքները, ինչպես նաև համայնքի զարգացման հեռանկարները: Դ. Լոքյանն ուշադրություն է հրավիրել միջպետական մայրուղու և համայնքի տարածքում գործող շուկայի աշխատանքը կանոնակարգելու վրա: Կարևորելով համայնքի զբոսաշրջային նշանակությունը` նախարարն ասել է, որ անհրաժեշտ է միասնական տաղավարներ կառուցել և շուկան պատշաճ տեսքի բերել: Համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը տեղեկացրել է, որ արդեն նախապատրաստական և գծագրման աշխատանքներ կատարվել են և դրա մասին նախարարությանը հավելյալ կտեղեկացնեն:
Շատինում, Արենիում, ինչպես նաև Գլաձորում կայացած հանդիպումների ժամանակ բարձրացված հարցերին պետական պաշտոնյաները տվել են հստակ պատասխաններ, տրամադրել անհրաժեշտ խորհրդատվություն:
Հավելենք, որ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում ստեղծված հատուկ աշխատանքային խումբը, որի կազմում ընդգրկված են գյուղատնտեսության նախարարության, մարզպետարանների, ինչպես նաև սննդի անվտանգության պետական տեսչության ներկայացուցիչներ, աշխատանքային այցեր են կատարելու համայնքներ և տեղերում գործնական օժանդակություն են ցուցաբերելու համայնքային ղեկավարներին: