Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ
06.04.2018
Սիրասուն մայրեր, հարգարժան տիկնայք, սիրելի քույրեր և նազելի դուստրեր: Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ: Մաղթում եմ, որ Մարիամ Աստվածածնի ավետման այս տոնին քրիստոնեական սիրով պարուրվեն Ձեր ընտանիքները։
Մեր ազգի պատմությունը վկայում է, որ ազգապահպանության, ազգային արժեհամակարգի ձևավորման հենասյուներից մեկը հայ մայրն է եղել: Հայոց մայրերն են պահպանել ազգային հոգեկերտվածքը, որը որպես հայկական ուրույն դիմագիծ փոխանցել են իրենց զավակներին, դառնալով սերունդներին կապող շղթայի ոսկե օղակը:
Սիրելի՛ մայրեր, Դուք եք Ձեր քնքնուշ ուսերին կրում սերունդներին հայեցի դաստիարակելու դժվարագույն գործը: Դուք եք նրանց հոգիներում ձևավորում ազգային և համամարդկային արժեքներ: ԵՎ հենց այս արժեհամակարգի շնորհիվ է, որ հայ ընտանիքում մայրը մշտապես գնահատված է եղել և արժանացել է պաշտամունքի հասնող մեծագույն սիրո, գորովանքի ու հոգածության:
Ձեր դաստիարակության շնորհիվ է նաև, որ մեր զավակները պատրաստ են կյանքի գնով անգամ պաշտպանել իրենց սուրբ մայրերին, քույրերին ու դուստրերին:
Թանկագի՛ն մայրեր, մաղթում եմ, որ միշտ մնաք հայուհու առաքինի կերպարի մեջ՝ որպես յուրաքանչյուր ընտանիքի հպարտություն: Թող Ձեր աչքերը երբեք չթացվեն, այլ փայլեն երջանկությունից ու տուն կանչող փարոսի լույսը դառնան Ձեր զավակների ճանապարհներին:
Ձեզ՝ հազար-հազար խաղաղ գարուններ, չխամրող գեղեցկություն, մշտավառ սեր: