Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները

20.03.2018

 Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ:
Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և ներտնտեսային ջրանցքների, պոմպակայանների և խորքային հորերի մաքրման ու նորոգման, պայմանագրերի կնքման, ջրաչափական դիտակետերի կարգաբերման, ջրաչափերի տեղադրման աշխատանքների ընթացքի մասին: Ջրպետկոմի նախագահը նշել է, որ սակավաջրության ռիսկերի մեղմման նպատակով հետագա քայլերի շրջանակում նախատեսվում է գնման գործընթացում հրատապ խնդիրների լուծման համար ընթացակարգի արագացում և մեխանիկական ջրարտադրության ֆինանսավորում՝ խորքային հորերի հորատում և վերականգնում, շարժական պոմպակայանների ձեռքբերում և կիրառում, լրացուցիչ այլ աշխատանքներ:
Կարեն Կարապետյանը նշել է, որ ոռոգման սեզոնին ջրամատակարարման հարցը պետք է պատկան պետական մարմինների մշտական ուշադրության կենտրոնում լինի: <<Ջուրը մեզ համար թիվ մեկ խնդիրն է: Եթե գյուղի բնակիչը կարողանում է իր տունը պահել, բազմաթիվ խնդիրներ լուծվում են>>, - ասել է կառավարության ղեկավարը՝ հանձնարարելով արագացնել գործընթացի կազմակերպումը, որպեսզի ջուրը ժամանակին հասնի գյուղացուն, նա չտուժի և կարողանա գյուղատնտեսական աշխատանքները պատշաճ իրականացնել: Վարչապետը հաջորդ տարիների համար ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների պլանավորման և իրականացման արդյունավետությունը բարձրացնելու համատեքստում հանձնարարել է պատասխանատուներին՝ ամփոփել ջրային ոլորտում առկա ծրագրերը, որոշել առաջնահերթությունները և ներկայացնել քննարկման: <<Ամռանը կամ աշնանը կսահմանենք նախապատվությունները, կդնենք ջրամբարաշինության ծրագիրը, ՋՕԸ-երի ռեֆորմը, որպեսզի ամեն տարվա համար ուրվագծենք՝ ինչ ենք անելու և ինչու ենք անելու. ամռանը կքննարկենք երկարաժամկետ հեռանկարը, աշնան-ձմռանը՝ 2019 թ. ոռոգման համակարգը և այդ ցիկլով տարեցտարի առաջ կգնանք, մինչև այդ դաշտը կարգավորենք>>,- նշել է կառավարության ղեկավարը:
Վարչապետը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և մարզպետների ուշադրությունը հրավիրել է նաև ջրագծերի և ջրատարների մաքրման խնդրի վրա՝ հանձնարարելով աշխատել համայնքների ղեկավարների հետ, որպեսզի աղբահանությունը ճիշտ կազմակերպվի, և ջրատարներն ընթացքում չլցվեն աղբով:

Աղբյուրը՝  http://www.gov.am, 20.03.2018

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:24:01