Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Վայոց ձորի մարզը նույնպես կունենա նոր արդիական հիվանդանոց
17.03.2018
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի Վայոց ձոր կատարած աշխատանքային այցը տեղի բնակչության և հատկապես բուժաշխատողների համար նշանավորվել է ուրախալի լուրով: Նախարարը տեղեկացրել է, որ, ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարականի, շուտով կսկսվեն Վայոց ձորի նոր հիվանդանոցի կառուցման նախագծման աշխատանքները:
Այնուհետև Լևոն Ալթունյանը մարզպետ Հարություն Սարգսյանի ուղեկցությամբ Եղեգնաձորում հանդիպել է մարզի առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակի բժիշկներին:
<<Առողջապահության ոլորտում 2017 թվականին իրականացված ծրագրերը հանրապետության նախագահին ներկայացնելիս կարևորվել են առողջության առաջնային պահպանման օղակի ներկայացուցիչների հետ հանդիպումները: Նպատակն անկաշկանդ մթնոլորտում Ձեզ հետ առողջության առաջնային պահպանման օղակի բարեփոխման մեր տեսլականի քննարկումն է, ինչպես նաև մեր կարևոր ծրագրերին ծանոթացնելը, որպեսզի դուք դառնաք կատարողներից մեկը, և դրանք հասցնեք բնակչությանը.. - ասել է նախարարը:
Ծանոթացնելով նախարարության գերակա ծրագրերին` Լևոն Ալթունյանն անդրադարձել է նաև կլինիկական ուղեցույցների, գործելակարգերի և ընթացակարգերի ներդրման կարևորությանը, դրանց շնորհիվ երկրի բոլոր կլինիկաներում աշխարհի առաջատար փորձի հիման վրա մշակված և տեղայնացված փաստաթղթերով աշխատելու հնարավորությանը:
Մարզի բժիշկները շնորհակալություն են հայտնել նախարարին համակարգում իրականացվող զարգացման ծրագրերի, այդ թվում` էլեկտրոնային առողջապահության միասնական համակարգի ներդրման համար, որն, ի թիվս բազմաթիվ հնարավորությունների, առաջիկայում զգալիորեն կնվազեցնի բուժաշխատողների կողմից փաստաթղթերի վարումը:
Անկեղծ մթնոլորտում քննարկվել են ինչպես մարզային առողջապահության կազմակերպման առկա խնդիրները, այնպես էլ զարգացման հնարավորությունները: Քննարկման առարկա է դարձել բժիշկների և բնակչության կապի ամրապնդումը, ինչը կնպաստի բուժաշխատողի հեղինակության բարձրացմանը և ԱԱՊ օղակի բարելավմանը:
Նախարարը կարևորել է նաև բժշկի աշխատանքի որակն ու արդյունավետությունը, որոնք կչափվեն մի շարք հստակ ցուցանիշներով, օրինակ՝ չարորակ նորագոյացությունների վաղ հայտնաբերում, պատվաստումների մեծ ընդգրկվածություն, առաջնային օղակում բուժման արդյունավետություն և այլն: Այս բոլոր ցուցանիշներով կձևավորվեն առաջնային օղակի բժիշկների բոնուսները, հետևաբար և կմեծանան աշխատավարձները:
Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԱՆ աշխատակազմի Բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ Մելիք-Նուբարյանը, ՀՀ ԱՆ կլինիկական ուղեցույցների և գործելակարգերի մշակող հանձնաժողովի նախագահ Հարություն Մանգոյանը, ՀՀ ԱՆ <<Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տնօրեն Արայիկ Բաղրյանը:
Աղբյուրը՝ http://www.moh.am, 16.03.2018